Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/476

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անշարժ, որպես մտածության արձանը։ Նայում էր դեպի գեղեցիկ պարեզը, ուր աշխատում էր Կարոն: Նայում էր դեպի սիրունիկ երեխաները, որ պտտվում էին նրա շուրջը, նայում էր դեպի կանաչ լայնածավալ անդաստանները, որ Կարոյի մշակության արդյունք էին, նայում էր դեպի բլուրների վրա արածացող անասունները, որ Կարոյի ախոռատնից էին դուրս եկել։— Նայում էր, և պառավի երկար տարիներով վշտացած սիրտը լցվում էր անսահման մխիթարությամբ։ Ո՛րքան տանջանք, ո՛րքան հալածանք էր կրել այդ զառամյալ պառավը... ո՛րքան թափառել էր նա... իսկ այսօր տեսնում էր իր դառն աշխատությունների քաղցր պտուղը և ուրախանում էր։

Դա պառավ Սուսանն էր։

Այստեղից երևում էր գյուղը։ Առավոտյան կիսամռայլի մեջ նա ավելի գեղեցիկ էր երևում։ Այլևս հին, գետնափոր խրճիթները չկային։ Այնտեղ ներքևում, մի հովտաձև տափարակի վրա, մինը մյուսի մոտ շարքով բարձրանում էին ծառազարդ տները, ուղիղ և լայն փողոցների վրա։ Շինական կոկիկ եկեղեցին, նրա մոտ դպրոցի շենքը, աչք էին շլացնում։ Առողջ գյուղացիները մաքուր հագնված, յուրաքանչյուրը գոհ և ուրախ, դիմում էին իրանց գործին։ Կարծես, ամեն օր այդ մարդկանց համար տոն էր, կարծես, նրանք երբեք վիշտ ու նեղություն չէին տեսել։

Պառավը շարունակում էր նայել։

Դուրս եկավ մի վայելչահասակ կին, թուխ դեմքով, սևորակ, կրակոտ աչքերով, խոհանոցի ղենջակը գոգնոցի տեղ կապած։ Այդ նազելի կինը, թեև վաղուց անցուցել էր երիտասարդական տարիները, բայց դեռևս չէր կարելի առանց հիացմունքի նայել նրա վրա։ Նա ներկայացնում էր գեղեցկությունը իր հասունության մեջ: Նա մի ժամանակ Դինբուլիների ամրոցի զարդն էր, հափշտակված Աղվանիստանի անապատներից։ Իսկ այսօր մի շինական խաղաղ տան ժրաջան տանտիկինն էր:

Դա պառավի աղջիկն էր: Կարոյի կինը և Հյուբբիի մայրը,— գեղեցիկ Ասլին։

Տեսնելով պառավին, սեմի մոտ նստած, կարեկցաբար դիմեց նրան.

— Մայրիկ, դու դեռ երեկ գանգատվում էիր ոսկրացտվից, այժմ դարձյալ նստել ես այդ սառն քարի վրա։

— Իմ ոսկորները սառի և քարի վրա են պնդացել, զտվակս,- պատասխանեց պառավը և չշարժվեցավ իր նստած տեղից։