Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/477

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ասլին չհակառակեց նրա համառությանը, ներս մտավ և իսկույն դուրս բերեց մի փոքրիկ օթոց, խնդրեց նստել նրա վրա, որը դժվարությամբ ընդունեց պառավը։

Ասլին անցավ պարտեզը, ուր աշխատում էր նրա ամուսինը: Անցավ վարդենիների և հասմիկի ծառուղիների միջով։ Կշտից քարշ ընկած մկրատը տարավ դեպի մի խոշոր սպիտակ վարդ, կտրեց և խրեց կուրծքի վրա։ Հետո քաղեց երկրորդը, երրորդը... զանազան գույներով, և ճաշի սեղանի համար մի գեղեցիկ փունջ պատրաստեց։

— Մայրիկ,— ձայն տվեց հեռվից փոքրիկ Աշխենը::

Մայրը մոտեցավ։

— Տե՛ս, այդ մեկը ես կապեցի։— Նա ցույց տվեց իր կապած պատվաստի ճյուղը։— Տասն տարուց հետո կարմիր խնձոր կտա։

Մայրը գրկեց աղջկան և համբուրեց, հետո դարձավ դեպի ամուսինը, հարցնելով.

— Այլևս ովքե՞ր կլինին ճաշին։

— Մերոնք,— պատասխանեց այրը, մերթ նայելով կնոջ վրա և մերթ նրա փնջած ծաղիկների վրա, կարծես կամենալով ստուգել, թե դրանցից որն ավելի անուշահոտ է։

— Դու ասեցիր, որ ուրիշ հյուրեր ևս կլինին։

— Ուրիշ հյուրեր չեն լինի. միայն մեր վարժապետը և մեկ էլ մեր հարևան քուրդ Աղասի-բեկը։

— Աղասի-բեկը հազիվ թե կարող կլինի գալ,— նկատեց կինը,— նրա որդին սաստիկ հիվանդ է, արդեն մի շաբաթ կլինի, որ դպրոց չէ գնացել։

— Վտանգը անցած պետք է համարել,— պատասխանեց այրը,— երեկ բժիշկն ինձ ասաց, թե այժմ առողջանալու վրա է:

Կինը ուրախացավ։

Աշխենը խնդրեց մորից, որ փունջը իրան տա։ Ինքը տուն տանե։ Մայրը կատարեց նրա ցանկությունը։

— Օ՜, որքան շատ գույներ կան այստեղ,— տասն գույն,— զարմանալով բացականչեց նա և վազեց դեպի տուն։

Մայրը նույնպես հեռացավ։ Կարոն նայում էր նրանց ետևից և կոշտացած ձեռքով սրբում էր ուրախության արտասուքը։ Դրանք այն ամուսիններից էին, որոնց վրայով տարիները անցնում էին, մարդը ծերանում է, իսկ սերը մանկանում է։

Կեսօրից առաջ քարաշեն տան դռանը մոտեցավ մի ճանապարհորդական կառք: Ցած իջավ մի ծիծաղադեմ երիտասարդ,