Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/478

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թեթև մորուքով, և ցած բերեց մի մանկահասակ կնոջ, նրանցից հետո վեր եկավ աղախինը, որ գրկած ուներ մի կլորիկ երեխա: «Հյուբբի» «Արփիա՛ր»... անունները հնչեցին ուրախաձայն աղաղակներով, և դռներից դուրս թափվեցան ընդունելու թանկագին հյուրերին։

Մեկը Կարոյի փեսան էր, մյուսը նրա դուստրը։

Մի քանի ժամից հետո խաղաղ գերդաստանը բոլորեց ճաշի սեղանի շուրջը։ Նա գոհ էր, որովհետև ապրուստի ամեն հարմարություններ ուներ։ Նա երջանի՛կ էր, որովհետև վայելում էր ընտանեկան քաղցր, անսպառ բերկրությունը:

Բ

Եթե մի մարդ անցնելու լինի Աղբակ գավառի սուրբ Բարդուղիմեոս առաքելո վանքից դեպի Բաշ֊Կալե տանող ճանապարհով, վանքից ոչ այնքան հեռու, իսկույն կնկատե, որ ամեն առավոտ մի ծերունի, ձյունի պես ճերմակ մազերով, հեծած նույնպես ճերմակ ձիու վրա, մի շրջան է կատարում լեռնահովիտների միջով և ապա, երբ միջօրեի տոթը սկսում է այրել, վերադառնում է դեպի մերձակա գյուղը։ Սպիտակ ձին նույնպես ծեր է, որպես նրա տերը։ Առջևի աջ ոտքից կաղում է նա։ Տարիներ, շատ տարիներ առաջ այդ ոտքից նա գնդակ ստացավ մի կռվի մեջ։ Բայց այդ չէ արգելում նրան դեռևս ծառայել իր տիրոջը։ Այդ հավատարիմ զինվորական ձին ապրել և գործել է իր տիրոջ հետ։ Մի ժամանակ միասին զանազան արշավանքներ էին կատարում։ Անցան կռիվները, տիրեց հանգստի և խաղաղության ժամանակը։ Այսօր միասին շրջում են մշակության, հունձքի, պտղաբերության դաշտերի վրա։ Խելացի ձին այնքան ընտելացած է իր տիրոջ սովորություններին, որ գիտե թե ամեն առավոտ դեպի որ կողմերը պետք է տանել նրան և որ տեղերում պետք է ման ածել։ Դանդաղ քայլերով անցնում է նա արտերի մարզերի միջով, այնքան զգույշ կերպով, որ մի հասկ անգամ կոխ չէ տալիս։ Եթե մի տեղ ջրանցքը պատռվել էր և ջուրը վազում էր դեպի հասունացած հունձքը, որ ջրելու կարոտ չէր, եթե մի տեղ գյուղացու անասունը մտել էր հարևանի արտը և ոտնակոխ էր արել, եթե մի տեղ մկներ էին հայտնվել, մի խոսքով, եթե մի տեղ որևէ անկարգություն էր նկատում նա, իսկույն կանգ էր առնում։ Ծերունու հետախույզ աչքերը տեսնում էին