Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդ բոլորը, ոչ մի թերություն չէր վրիպում նրա բազմափորձ տեսությունից։ Երբ վերադառնում էր գյուղը, կանչում էր գյուղացուն և նրան նկատողություն էր անում։ Նրա ամենօրյա զբոսանքը՝ նրա ամենօրյա մեծ բավականության զվարճությունն էր: Նա տեսնում էր իր աշխատության պտուղները և ուրախանում էր։

Այդ ծերունին որսորդ Ավոն էր։

Նա գնեց մի քրդուհի այրի կնոջից այդ անբնակ, ամայի լեռնահովիտը իր շրջակա հողերով, և այնտեղ հիմնեց մի գյուղ։ Նրա տունը առաջին բնակարանը եղավ, որի շուրջը հետզհետե շինվեցան այլ տներ։ Մի քանի տարվա ընթացքում կազմվեցավ մի մեծ գաղթաշենք։

Որսորդը իր գյուղի բոլոր հողերը դարձրեց համայնական սեփականություն, իսկ ինքը դարձավ նույն համայնքի հասարակ անդամներից մեկը։ Թեև գյուղական համայնքին պարտավորեցրեց նա, որ որոշյալ ժամանակի ընթացքում փոքր առ փոքր վճարեն հողերի գինը, բայց այդ վճարը այնքան թեթև էր, որ նրանց համար բոլորովին անզգալի եղավ։ Որսորդը այդ գումարը իրան չսեփականացրեց, այլ նրանով հիմնեց մի դպրոց, և մշտապես ապահովացրեց դպրոցի հարատևությունը։ Նրա վարմունքը այն աստիճան գրավեց գյուղացիների հարգանքը, որ ամենքը մեծ երախտագիտությամբ վերաբերվում էին դեպի նա, որպես իրանց բարերարին, որպես իրանց հորը։ Այն դպրոցում սովորում էին և մերձակա գյուղերի երեխաները։ Այդ էր պատճառը, որ նույն հարգանքը վայելում էր նա ամբողջ վիճակի մեջ, և դրա համար աղբակեցիք ընտրեցին նրան իրանց գավառների ներկայացուցիչ, որ «միր» տիտղոսն էր կրում։ Ծերության հասակում Որսորդը թողեց այդ պաշտոնը և նրա փոխարեն կատարում էր նրա փեսան — Ֆարհատը։

Որսորդը վերջը որդեգրեց Ֆարհատին և ամուսնացրեց իր դստեր՝ Մարոյի հետ։ Ֆարհատի մանկության ընկերուհին այժմ նրա կինն էր:

Այսօր Որսորդի տան դռան հանդեպ, հրապարակի վրա, կանգնեցրած է նրա ձիաների երամակը։ Ձիաների ամեն մեկի ետևից ձախ ազդրի վրա դրած է Որսորդի դրոշմը՝ հայոց Ո տառը։ Նժույգները խրխնջում են, դափր են հատանում, փոշի են բարձրացնում, և ձիապանները հազիվ կարողանում են զսպել նրանց, Ֆարհատը սակարկություն է անում պարսկաստանցի վաճառականների հետ, որ եկել են նրանից ձիաներ գնելու: Նրա կինը, գեղեցիկ Մարոն,