Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/480

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երեխան գրկում, կանգնած է լուսամուտի մոտ, այնտեղից նայում է ամուսնու վրա։ Ծերունի Որսորդը, նստած տան դռան մոտ, նույնպես հիացած նայում է, թե ի՛նչպես Ֆարհատը խոսում է վաճառականների հետ, ի՛նչպես բացատրում է նժույգների յուրաքանչյուրի արժանավորությունը։ Վիթխարի Մըհեն, Որսորդի տան հին հավատարիմը, այժմ ալևորված մազերով, տակավին չէ կորցրել իր վաղեմի հերքուլեսյան ուժը։ Նա բարկացած է անհանգիստ նժույգների վրա։ «Ի՞նչ սատանա մտավ ձեր պինչը»... ասում է նա ձիաներին և պարանը ձգում է մի տրմուզ քուռակի պարանոցը, որ շատ է զայրացնում նրան։ Մըհեն այժմ Որսորդի ձիապանների գլխավորն էր, այդ պաշտոնը բավական հպարտացնում էր նրան։ Ֆարհատը վերջացրեց սակարկությունը, և ոսկիների քսակը ձեռին, ուրախ և գոհ տուն մտավ։

— Քանի՞ հատ գնեցին,— հարցրեց Որսորդը:

— Հինգ հատ,— պատասխանեց Ֆարհատը։

— Այդքան խոսակցություն հի՞նգ ձիու համար։

— Նրանք մեր ձիաները շատ թանկ են գտնում։

— Լավ բանը լավ գին կունենա,— նկատեց Որսորդը։ — Թող գնան ամբողջ գավառը ման գան, եթե մեր ձիաների հատը գտնելու լինեն, ես ձրի կտամ։

Ներս մտավ Մըհեն։

— Առ, Մըհե,— ասաց նրան Ֆարհատը, մեկնելով երկու հատ ոսկի։— Ես խոստացել եմ, որ ամեն անգամ, երբ ձի է վաճառվում, քեզ մի պարգև տամ։

— Սատանան տանե քո ոսկիները,— պատասխանեց նա հրաժարվելով.— թե ուզում ես պարգև տալ, ինձ մի կտոր կաշի տուր, որ տրեխներս կարկատեմ։ — Նա ցույց տվեց իր պատառոտած տրեխները։

Ֆարհատը ժպտաց, իսկ Որսորդը ծիծաղեց։

Մըհեն մինչև մահ մնաց պարզամիտ, անշահասեր և բարի։ Նա այն կիսախելագարներից էր, որ իրանց գժություններով արտահայտում են մի տեսակ իմաստություն։

Մարոն մոտեցավ, առեց ոսկիների քսակը։ Նա ամուսնու և գանձապահն էր, և տնտեսը։ Ոչ ոք չէր կարող մտածել, որ մի այնպիսի կրակոտ, անսանձ, կամակոր աղջկանից, որպիսին Մարոն էր իր մանկության հասակում, կարող էր այժմ խելացի լրջամիտ տանտիկինը դառնալ։ Նա գրավել էր ամուսնու թե′ սերը, թե′ հարգանքը։ Մարոյի մանկությունն անցավ առանց կրթության, որովհետև