Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/481

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մորից որբ մնալով, մնաց միայն հոր խնամակալության ներքո։ Իսկ հայրը այնքան զբաղված էր ուրիշ գործերով, որ աղջկա վրա մտածելու ժամանակ չուներ։ Իսկ հետո, երբ Որսորդը փոքր-ինչ թեթևացավ իր գործերից, և երբ Մարոն արդեն հասուն օրիորդ էր, այդ ժամանակ միայն սկսեց հոգ տանել նրա կրթության վրա։

«Ֆարհատը սովորում է, որ քեզ արժանավոր այր դառնա, դու էլ պետք է սովորես, որ նրան արժանավոր կին դառնաս»,— ասում էր նա իր դստերը։ Մարոն ոչ այնքան տնային վարժապետների շնորհիվ, որքան իր ջանքերով և ինքնակրթությամբ այնքան զարգացավ, որ կարդում էր հայոց լրագիրներ, կարդում էր նոր լույս տեսած գրքեր, և շատ հարցերի մասին այնքան ճիշտ, ինքնուրույն դատողություններ էր հայտնում, որ շատերին զարմացնում էր։ Ոչինչ բանի նա այնքան անհամբերությամբ չէր սպասում, որքան թղթատարին, որ նոր լրագիրներ և գրքեր ստանա։ Նա արդեն երկու զավակների մայր էր, մի աղջիկ, որ գրկումն էր և մի տղա, որ սկսել էր ման գալ։

Ֆարհատի մայրը շատ վաղ վախճանվեցավ, նա իր որդու բախտավորությունը չտեսավ։ Նրա քույրերը՝ Մարիամը և Մագթաղը՝ մոր մահից հետո մնացին բոլորովին որբ և անտեր։ Որսորդը առեց նրանց իր հոգաբարձության ներքո, պահեց, մեծացրեց և մարդու տվեց։

Որսորդի մյուս որդեգիրը, Հասոն, բնակվում էր Կ... գյուղում, Դուշմանա լեռների մեջ, ուր առաջին անգամ բնակություն հիմնեց Որսորդը, երբ Սալմաստից տեղափոխվեցավ Աղբակ։ Հասոն այժմ այնքան մեծ ընտանիք ուներ, որքան մեծ թվով չորքոտանիք,— ինչպես սովորություն ուներ Մըհեն ծաղրել նրան։ Ամեն տարի մեծ քանակությամբ ոչխար, յուղ, պանիր և բուրդ էր վաճառում։

Եվ այսպես, Աղբակը, վիշապների արյունոտ երկիրը, ուր այդ գազանները տարիներով լափում կլանում էին, և երբեք չէին հագենում, այժմ դարձել էր խաղաղ, բախտավոր մի երկիր, ուր շինականի թե կայքը, թե կյանքը բոլորովին ապահովվում էր։ Վիշապները վաղուց ոչնչացած էին։ Նրանց փոխարեն մնացել էիս մարերը — օձերը — վերջին ժամանակի քուրդերը։ Քաղաքակրթության լույսի առաջ չդիմացան նրանք։ Քաղաքակրթությունը իր անողոք պայմաններով լուծեց, մաշեց նրանց, որովհետև իր հետ առաջ գնալ չկարողացան։ Նրանց կյանքը զարգացել և կազմակերպվել էր խավարի և անկարգության մեջ։ Նրանց ապրուստը