Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/484

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էինք, մեկից առնում էինք, մյուսի վրա ծախում էինք, մենք ողորմելի դալալներ էինք։ Իսկ այժմ բանն ուրիշ է։

Նա հրամայեց, բերեցին մի քանի տեսակ բրդեղեն գործվածքներ, դրեցին գրասեղանի վրա։

— Նայեցեք այդ չուխաներին,— դարձավ նա դեպի իր խոսակիցը.— դեռ անցյալ տարի, Փարիզի աշխարհահանդիսում, ասիական գործվածների կարգում, առաջին մրցանակը ստացավ:

Բաղեշցին սկսեց մեծ հրճվանքով նայել:

— Հիանալի՜ գործվածներ են,— բացականչեց նա,— շատ հիանալի։ Ես այժմ ուղիղն ասեմ ձեզ, ամաչում եմ, որ ձեզ հետ նստած եմ այդ հագուստով։— Նա ձեռքը տարավ դեպի իր սև, անգլիական նուրբ մահուդից կարված հագուստը և հարցրեց:— Մի՞թե այդ բոլորը ձեր գործարանից է։

— Բոլորը,— պատասխանեց վաճառականը մի առանձին բավականությամբ։— Ախար ո՞վ ունի այդ գեղեցիկ բուրդը, որ մեր ոչխարներն ու այծերն են տալիս։ Մենք մինչև այժմ դժբախտ էինք, որ չգիտեինք օգտվել մեր երկրի արդյունքներից։ Եվրոպացին մեր բուրդն ու բամբակը տանում էր, պատրաստում էր, և գործվածները տասնապատիկ գնով մեզ վրա վաճառում էր: Իսկ մենք մնում էինք աղքատ, միայն օտարի քսակն էինք լցնում։

— Այո՛, այդպես էր...— կրկնեց տխուր ձայնով բաղեշցին, ապա հարցրեց.— ի՞նչ պայմաններով են աշխատում ձեր գործարանի բանվորները։

— Արդյունքից մի որոշ մասն են ստանում,— պատասխանեց վաճառականը։— Երկար փորձերից հետո, ես այն համոզմունքին հասա, որ նրանց պետք է ընկերացնել։ Այդ ավելի զորացրեց նրանց եռանդը, ավելի պինդ կապեց գործի հետ։ Նրանք ունեն խնայողական դրամարկղ, որից օգնում են իրանց ընկերներին, երբ մեկը հիվանդանում է, կամ վնասվելով աշխատել չէ կարողանում։ Ես ինքս իմ խանութի համար պետք եղած ապրանքները գնում եմ գործարանից, որպես օտար մարդ։

— Այդ շատ մարդասիրական է,— նկատեց բաղեշցին, և նրա ջերմեռանդ աչքերը, կարծես, ասում լինեին. «Օրհնյալ լինի՜ս»...

Նրանց խոսակցությունը ընդհատեց մի ծիծաղադեմ ծերունի, փոքր-ինչ կռացած մեջքով, ներկերի մեջ գունավորված ձեռքերով, որ ներս մտավ և, մոտենալով վաճառականին, մտերմությամբ ձեռք տվեց, հետո զարմացած նայեց բաղեշցու վրա։