Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/486

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հիմնվի, որի մեջ սովորեն հայ երեխաներ, առանց կրոնի, խտրության։

Վաճառականի դեմքի վրա երևաց զարմացման նման մի բան։

— Ես այդ երբեք չէի սպասում Հաջի-Իսաղից,- ասաց նա։

— Սպասելի էր...— պատասխանեց բաղեշցին։- Նա բոլորովին փոխվել էր... վերջին աղետավոր կռիվների ու երկպառակությունների ժամանակ նա էր գլխավոր բողոքողներից մինը, որ Ամերիկայի միսիոնարներին արտաքսեցին Բաղեշից: Խեղճ ծերունին միշտ ասում էր. «Այդ անպիտանները, բավական չէր, որ մեզ հեռացրին մեր Լուսավորիչ պապից, այլև մեզ մեր նախապապի՝ Հայկի հետ էլ խորթացրին»... մեզ մեր հարազատ եղբայրների հետ թշնամացրին»...

Պատի ժամացույցը զարկեց երկուսը։

Խանութատերը վեր կացավ և հրավիրելով իր խոսակցին, ասաց.

— Հույս ունիմ, որ դուք այնքան բարի կլինիք, որ ճաշը այսօր մեզ մոտ անուշ կանեք։

— Մեծ ուրախությամբ,— պատասխանեց նա, նույնպես կանգնելով։— Ես ձեր կնոջը և երեխաներին վաղուց չեմ տեսել, կցանկանայի նրանց տեսնել։

Նրանք դուրս եկան խանութից։

Անցան բավական ուղիղ, մաքուր փողոցներով։ Աջ և ձախ բարձրանում էին երկհարկանի, երեքհարկանի քարաշեն տներ։ Այլևս ոչ վաղեմի նեղ, կեղտոտ փողոցները կային, և ոչ հում աղյուսից կամ կավից շինված, կիսավեր խրճիթները։ Ամեն ինչ գեղեցիկ էր, ամեն ինչ մաքուր էր։ Մաքրվել էր և օդը։ Փողոցներում մարդիկ ցնցոտիներով չէին թափառում և, անցորդի օձիքը բռնելով նրանից ողորմություն չէին պահանջում։ Կանայք չադրաների մեջ փաթաթված, երեսները ծածկված վախենալով չէին ման գալիս, փողոցային անամոթ սրիկաների հարձակմանը չենթարկվելու համար։ «Գավուր» բառը այլևս չէր լսվում։ Մահմեդականները քրիստոնյաներին հանդիսելիս մի քանի քայլ հեռվից ողջունում էին։ Փաշայի պալատի մեջ նստած էր մի քրիստոնյա նահանգապետ։ Օրվա այն ժամն էր, երբ դպրոցում արձակում են աշակերտներին։ Տղա և աղջիկ, գրքերի պայուսակները մեջքներին կապած կամ թեքերի տակն առած, լցրել էին փողոցները։ Անցնելու տեղ չկար։ Դրանց փոխարեն, այդ փողոցներում, մի ժամանակ վխտում