Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/487

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին հարբած ենիչերիները, մերկ սրերը ձեռքերին, կամ խլրտում էին գազանաբարո «ասքարը»՝ հափշտակելով ամեն պատահած բան: Քաղաքացիք, նրանը տեսնելով, օր ցերեկով մտնում էին իրանը տներ և դռները պինդ փակում էին: Այժմ ոչ այդ բարբարոսները կային և ոչ վաղեմի երկյուղը կար:

Նրանք կանգնեցին մի բավական կոկիկ տան հանդեպ։ Դռները բացվեցան, մտան մի հովասուն, ծառազարդ բակ։ Ծառերի ներքո նստած էր մի հասակավոր բարեշուք կին և ինչ-որ հյուսում էր ձեռքում: Տեսնելով եկվորներին, դրեց իր ձեռագործը փոքրիկ, բոլորակ սեղանի վրա, վեր կացավ և դիմավորեց նրանց։

— Ա՜խ, պարոն Միսաքյան,— բացականչեց կինը, առաջ վազելով,— ես ամենևին չէի սպասում... Ի՞նչպես եք... այդ ի՞նչ բախտով... այդ ո՞ր քամին բերեց ձեզ...— և շփոթեցրեց հյուրին բազմաթիվ հարցերով։

Պարոն Միսաքյանը երկու ձեռքով բռնեց տիկնոջ աջը և բարեկամաբար սեղմեց։

Այդ ոտքից ցգլուխ սև հագուստով պատած պատվելի անձը Բաղեշի հայ-բողոքականների երեց Հալլադն էր, որին այժմ իր տոհմանունով պարոն Միսաքյան էին կոչում։ Իսկ նրա հյուրընկալը մեր վաղեմի ծանոթ Սագոն էր, որին այժմ կոչում էին Սարգիս Սեպուհյան։ Փոխված դրության հետ, փոխվել էին նրա առաջվա թե՛ կեղծ և թե՛ կրճատած անուններր։ Իսկ նրա տիկինը տեր Թոդիկի դուստր Սոնան էր։ Նա ամուսնացավ իր հին վարդապետի աղջկա հետ։ Երկու բախտավոր ամուսինները ունեին մի քանի զավակներ, որոնց մեծը սովորում էր Գերմանիայում։

Տեր Թոդիկը վաղուց չկար այդ աշխարհում. նա մեռավ «ախտարքը» ծոցում...

Դ

Սալմաստ գավառի Սավրա գյուղի հայոց թաղում խիստ աչքի էր զարկում մի մաշված տուն, որը ոչ այնքան հնությունից, որքան անխնամությունից կորցրել էր իր վաղեմի շքեղությունը։ Գիշեր և ցերեկ այդ խուլ, գերեզմանի պես անմռունչ տան դռները փակ էին։ Այնպես էր թվում, որ ոչ ոք այնտեղ չէր բնակվում։ Միայն երբեմն ճռնչալով շարժվում էին ժանգոտած ծխնիները, դռները բացվում էին, դուրս էր գալիս մի թախծալի դեմքով կին,