Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/489

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեսնում։ Նրա կմախքն էր մնացել և մի ողորմելի ձայն, որ երբեմն հառաչում էր, «ա՜խ, ե՞րբ պետք է մեռնեմ»... Ամեն անգամ կարելի էր տեսնել նրան, կծկված բակի մի անկյունում, մի կտոր փալասի վրա, անդադար տրտնջում էր «քաղցած եմ»... Նենեն ամրողջ օրը կերակրում էր նրան, բայց կշտացնելու հնար չէր լինում։

Ծերունին քավոր Պետրոսն էր։

Երկար թափառումներից հետո, վերադառնալով իր հայրենիքը, այդ երևելի խաչագողը գտավ իր ամրողջ ընտանիքը ոչնչացած։ Նենեն առեց նրան իր խնամակալության ներքո, հոգ էր տանում նրա ծերությանը։ Այդ թշվառի ուղեղն անգամ իր բնական դրության մեջ չէր մնացել։ Նա, որ մի ժամանակ երկրների սարսափն էր ու հրեշը, նա, որ մի ժամանակ փափուկ մոմի նման դարձնում էր իր ձեռքում մարդկանց սրտերը, այսօր մի անմիտ երեխայի նման, շատ անգամ ասում էր իր բարերարուհիին.— «Նենե՛, ե՞րբ ինձ համար կարմիր կոշիկներ պիտի առնես»: Խորին ծերությունից նա երեխայացել էր։ Եվ իրավ, նրա թափած ատամները մի քանի տարի առաջ նորից սկսեցին բուսնել, և նրա թափած մորուքի տեղը հայտնվեցան փետուրի նման փափուկ, հազիվ նշմարելի մազեր։

Այդ հավիտենական ծերունին հիշեցնում էր Սավրայի — այդ խաչագողների որջի — հավիտենական մեղքը, որը և ծերանում է, և մանկանում է...

Ե

— Այստեղ... այստեղ թաղեցին,— ասում էր մի երիտասարդ վշտահար դեմքով, ցույց տալով մի հողադամբարան, որ հազիվ որոշվում էր գետնի մակերևույթից։— Ռաշիդը ճանաչում է այդ տեղը... Նա այնքան մոռացկոտ չէ...— ավելացրեց նա տխուր ձայնով:— Եթե մի օր ջրհեղեղ գա, բոլոր լեռները ողողե և մի փոքր բարձրություն անգամ չմնա երկրի վրա, Ռաշիդը դարձյալ կգտնե այդ դամբարանը...

Այդ խոսքերը դարձրած էին դեպի մի պարոն, որ կանգնած տխուր դեմքով նայում էր ցոււց տված տեղի վրա։ Նրա թևքը մտել էր մի նիհար, բարձրահասակ տիկին, որ իր ուսերով վեր էր պարոնից։ Նա իր ձեռքում բռնած կանացի ամպհովանիով հովանավորում էր թե՛ իրան և թե՛ պարոնին։ Նրանց մոտ կանգնած էին մի