Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/492

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գանգատները, եթե նորից պարոնը քաղաքավարությամբ չնդհատեր նրան, հայտնելով, թե ինքը շտապում է և ուշանալու շատ ժամանակ չունի։

Նրանք մտան հանգուցյալի խուցը։ Նա այնքան փոքրիկ էր, որ բոլորի համար տեղ չկար։ Երեխաները մնացին դրսում, ման էին գալիս վանքի բակում:

Ամեն ինչ սովորական տեղումն էր. նույն փայտյա հասարակ մահճակալի վրա դեռ տարածված էր անկողինը, նույն կաղնյա գրասեղանը դրած էր նեղ լուսամուտի հանդեպ, իսկ նրա առջև դեռ կանգնած էր հին, գեղաքանդակ բազկաթոոր, որ միակ զարդն էր այդ տխուր բնակարանի։ Գրասեղանի վրա ածած թղթերը, ցամաքած կաղամարը, փետուրյա գրիչները, գրչահատը, մի աշտանակ, նույնպես իրանց տեղումն էին։ Մի մաղ իր տեղից չէր շարժվել։ Այնտեղ դեռ դրած էին մի քանի պղնձե դրամներ, որ ծառան ցույց տալով ասաց, թե վերջին օրերում այնքանն էր մնացել «լուսահոգու» ծախքի համար։ Ոչինչ չէր պակասել։ Պակաս էր միայն այն անձը, որ խորին աղքատության մեջ այնտեղ աշխատում էր։ Գրասեղանի վրա դրած էր և նրա սպիտակ թաշկինակը, որի վրա թողեց նա վերջին արյան բիծը և ավանդեց հոգին...

— Լավ նայեցե՛ք, պարոն,— խոսեց ծաոան, — տեսնո՞ւմ եք, ոչինչ պակաս չէ։ Ես շան նման ամեն գիշեր պառկում էի այդ խուցի դռանը, մի ճանճ անգամ չէի թողնում, որ ներս մտնե:

Ալևոր աբեղան պատմեց, թե իրավ որ, նա ամառ և ձմեռ, ձյունի և անձրևի տակ, պառկում էր խուցի դռանը, և, իր ծանր մահակը կուրծքին սեղմած, ամբողջ գիշեր անքուն էր մնում: Ամեն առավոտ բաց էր անում խուցի դռները, ավելում էր, մաքրում էր, անկողինն ուղղում էր, գրասեղանի վրա դրած առարկաների փոշին սբրում էր, հետո ամեն ինչ իր սովորական տեղումն էր դնում, որ իր պարոնը մի անկարգություն չնկատե, թեև պարոնը վաղուց մեռած էր։

— Բայց նրա հոգին նայում էր երկնքից,— նկատեց ծառան. ձեռքը դեպի վեր տանելով:— Մեռնելու միջոցին ինձ ասաց լուսահոգին, «Ռաշիդ, այդ ամենը այդպես կպահես, մինչև նա կգա»... Ես ի՞նչպես նրա ասածը չկատարեի։

Արտասուքը թույլ չտվեց բարեսիրտ շատախցուն ավարտել իր խուքը, որին մենք տեսանք այն ժամանակ, երբ դեռ պատանի էր, և իր պարոնի խոհանոցում մենամարտում էր Ֆարհատի հետ: