Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/493

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այժմ մի հասուն, առողջ երիտասարդ էր դարձել, բայց դեռ վաղեմի պարզությունը մնացել էր նրա մեջ։

Նա ձեռքը տարավ դեպի կուրծքը, սկսեց բաց անել կոճակները։ Մերկ կուրծքի վրա երևաց մի շղթա, որ անցուցած էր պարանոցից, իսկ նրա ծայրին երկաթյա օղակից քարշ էր ընկած մի բանալի, նույն ձևով, որպես հավատավոր մարդիկ խաչ են կախ տալիս շապկի տակից։

— Ընդունեցեք այդ բանալին, պարոն,— ձեռքը մեկնեց ծառան։— Լուսահոգին ասաց, Ռաշիդ, այդ բանալին քեզ մոտ կպահես, մինչև նա կգա և միայն նրան կհանձնես: Հիմա, փառք աստծո, եկաք, առեք բանալին։

Պարոնը ընդունեց բանալին։

Երիտասարդը քարշ տվեց մահճակալի տակից մի հին երկարաձև արկղ, ընկույզի փայտից, որի բոլորտիքը գամած էին երկաթյա փաթաթներով և պղնձյա բևեռներով։

— Այդ արկղի բանալին է,— ասաց նա։— Լուսահոգիի մեռնելուց հետո, աստված է վկա, մի անգամ էլ չեմ բաց արել, որ տեսնեմ, թե ի՞նչ կա դրա մեջ։

— Բոլորովին հավատում եմ,— խոսեց պարոնը, մոտեցավ արկղին, բացեց նրան:

Նա լի էր զանազան թղթերով, զանազան հաստ ու բարակ տետրակներով։ Այդ ձեռագրերի մեջ կային զանազան սկսված և չավարտած վեպեր, վեպիկներ, պատկերներ, կային զանազան բանաստեղծություններ, կային և բոլորովին վերջացրած աշխատություններ։

Բարձրահասակ տիկինը, որ բոլոր ժամանակը խորին տխրությամբ նայում էր այդ մռայլ խուցի սրտատոչոր պարագայքին, երբ տեսավ արկղի մեջ խառնիխուռն կերպով ածած թղթերը, նրա նեղ, երկնագույն աչքերր լցվեցան արտասուքով։ Դրանք հայոց մի անբախտ բանաստեղծի աշխատություններն էին։ Նա դողդոջուն ձեռքը տարավ, վեր առեց տետրակներից մեկը, որպես մի սրբություն, և երկար հառած նայում էր նրա վրա, թեև կարդալ չէր իմանում։ Այդ միջոցին ներս մտան մանուկները։

— Հայրիկ,— ձայն տվեց փոքրիկ Անուշը,— դու մեզ ասացիր, երբ կգնանք Հայաստան, ձեզ հայերեն կսովորացնեմ. տուր մեզ մի-մի հատ այդ տետրակներից, որ սովորենք։

— Երբ կտպվին, այն ժամանակ կկարդաք, զավակս,— պատասխանեց հայրը։