Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/495

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ի՞նչ գթել տանք տապանաքարի վրա, հանգուցյալը այնքան տարիներ մնաց վանքում, մենք նրա անունը չիմացանք:

— Ոչինչ գիր հարկավոր չէ,— պատասխանեց պարոնը,— միայն մի խաչ փորել տվեք։

— Աստված հոգին լուսավորեցնե՜— օրհնեց աբեղան։

Ռաշիդը վեր առեց արկղը: Արտասուքը հեղեղի նման թափվում էր խեղճ երիտասարդի աչքերից, երբ նա պետք է թողներ այդ մռայլ խուցը, ուր բնակվել էր նրա տերը, ուր ամեն մի առարկա հիշեցնում էր նրան այն մարդուն, որին նա այնքան սիրում էր, որին նա պաշտում էր։ Երբ վանքի դռնից դուրս եկան, նա գրկվեցավ հայր սուրբի հետ, համբուրեց նրա աջը։ Երևում էր, որ վանքի բազմաթիվ միաբանությունից մնացած այդ երկու ներկայացուցիչները հաշտ էին ապրում միմյանց հետ։

Արկղը տեղավորեցին կառքի մեջ, ամենքը նստեցին, և կառապանը բռնեց Մուշի ճանապարհը։

Պարոն Ասլանն էր, որ այժմ կոչվում էր բժշկապետ Սասունյան, իսկ բարձրահասակ ամերիկուհին նրա կինն էր։ Նա այն հարուստ այրի կնոջ դուստրն էր, որ Նյու-Յորքում որդեգրեց Ասլանին, որի տանը ապրում էր նա իր ամբողջ ուսանողության ժամանակ։ Այն ժամանակից սիրահարվեցավ նա և խոսք տվեց պսակվել նրա հետ։ Տարիներով միմյանցից անջատվելը չխախտեց նրանց սերը։ Օրիորդը ուխտել էր՝ միշտ սպասել նրան, մինչև կվերջացներ իր գործերը և կրկին կվերադառնար Ամերիկա։ Երբ վերջին անգամ Ասլանը գնաց Հնդկաստան, այնտեղ իր ընկերներից ստացած հանձնարարությունները կատարելուց հետո անցավ Ամերիկա և պսակվեցավ: Այժմ քաղաքային բժշկի պաշտոնով գնում էր Մուշ:


Մեր հիշատակարանը կատարվեցավ որպես մի նկարագիր, զանազան պատկերներով։ Շատ անձնավորություններ հանդիսացան և կրկին ծածկվեցան վարագույրի ետևում։ Մենք առեցինք նրանց կյանքից և գործունեությունից հայտնի գծեր միայն։ Եթե բոլորի գործերը և նրանց գործունեության վախճանը լրիվ գրեինք, պետք է մի երրորդ հատոր ևս ավելացնեինք։ Ասլանով սկսեցինք մեր վերջին գիրքը և դարձյալ Ասլանով իջեցնում ենք վերջին պատկերի վարագույրը: