էին իմ ձիու թամքի ղաշին, մի զույգ ևս խրած ունեի գոտիիս մեջ. ուսիցս քարշ էր ընկած մի թեթև եվրոպական հրացան, իսկ իմ սուրը իր արծաթյա զարդարանքով կարող էր գրավել բոլորի ուշադրությունը։ Հայերի վրա ևս, որպես երևում էր, ոչ այնքան հաճելի տպավորություն էր գործում մեր փառքը։ Նրանք չէին նախանձվում, այլ վախենում էին չզայրացնել մահմեդականներին։ Իրանց փոքրիկ խանութներում, խորասուզված զանազան փարչաների մեջ, նրանք զբաղված էին իրանց արշինով և չէին ուզում նայել անգամ մեզ վրա։
Վերջապես հասանք փաշայի ապարանքը։ Դրսից նա այնքան փառահեղ չէր, իսկ ներսից շնչում էր արևելյան բռնապետի բոլոր շռայլությամբ։ Ջրի շատրվանները գործում էին, սիրամարգները սիգալով ճեմում էին ծաղկազարդ պարտեզների մեջ, սևամորթ և սպիտակամորթ սպասավորները թիվ չունեին։ Մի բարձր աստիճանավոր ապարանքի գլխավոր մուտքի առջև ընդունեց մեզ։ Մենք անցանք մի քանի բակերից, որոնք մինը մյուսից ավելի գեղեցիկ էին։ Խաղացող ջուրը, ծաղիկը և կանաչեղենը, արևելքցու սիրելիները, կենդանացնում էին բոլոր բակերը մի սքանչելի սրտապարար շքեղությամբ։ Սենյակների լուսամուտները զարդարած էին գույնզգույն ապակիներով, իսկ նրանց պատերի վրա նկարված պատկերները ներկայացնում էին զանազան առասպելաբանական ավանդությունների գեղեցիկ տեսարաններ։
Այդ տերևների և ճոխության մեջ ծածկված բնակարանը, որ սովոր էր ամբողջ գիշերները լուսացնել նվագներով, երգերով ու պարերով, ուր շալերի, մետաքսի և գոհարների մեջ հանգչում էին երկրի ամենաընտիր գեղեցկուհիները, այդ սիրո և վայելչության դրախտ էր, միևնույն ժամանակ մի դժոխք՝ լի սոսկումով և արտասուքով։ Նրա ներքին հարկի ստորերկրյա զնդաններում հեծում էին հարյուրավոր բանտարկյալներ։ Վերևում, շքեղ դահլիճների մեջ, նվագներ էին հնչում, իսկ ներքևում, մթին նկուղների մեջ՝ որոտում էին այդ թշվառների շղթաները։ Նրա ծաղկազարդ բակերի մարմարյա սալահատակը ոչ սակավ անգամ սրսկված է եղել անմեղ զոհերի արյունով, և նրա գեղեցիկ, սաղարթախիտ ծառերը ոչ սակավ անդամ և կախաղանի պաշտոն են կատարել... Այդ բոլորը կատարվել է խուլ պարիսպների մեջ, լուսնի լույսի ներքո, և ավազանների խաղաղ հայելին ցոլացել է իր մեջ եղեռնական գործողությունների սոսկալի պատկերները... Դրսի աշխարհը երբեք տեղեկություն չէ ունեցել, թե ինչ է կատարվել ներսում