Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/500

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իղձերի, գաղափարական հուժկու մաքառումների և ազատագրական շարժման վերելքի մթնոլորտում է, որ Րաֆֆին երկնում է «Ջալալեդդինը», «Խենթը», փոփոխությունների է ենթարկում «Կայծեր»-ը, չհաշված նրա «Վերջը», որը հեղինակը գրել է Բեռլինի կոնգրեսից հետո։

Սակայն «Կայծեր»-ը հրապարակ հանվեց այն ժամանակ, երբ արդեն հոդս էին ցնդել 16 և 61-րդ հոդվածների հետ կապված հույսերն ու ակնակալությունները։ Այդ ժամանակ է՛լ ավելի սաստկացել էր թուրքական արյունռուշտ կառավարության դաժան քաղաքականությունը արևմտահայության նկատմամբ և ուժեղացել էր նաև ցարիզմի գաղութային քաղաքականությունը։ Լույս տեսնելով այսպիսի սարսափելի ժամանակներում՝ «Կայծեր»-ը դրական և բարերար ազդեցություն գործեց հայ կյանքի վրա, արժանանալով ընթերցող լայն մասսաների արտակարգ ջերմ ընդունելությանը։ Ամեն տեղ, ուր ապրում էին հայեր, «Կայծեր»-ը կարդացվում էր հիացմունքով և աննախընթաց հափշտակությամբ, որովհետև վեպն իր ընթերցողներին համակում էր ազնիվ հայրենասիրությամբ և կիզիչ ատելությամբ ընդդեմ թուրքական և պարսկական վայրագ հարստահարիչների։

«Կայծեր»֊ը ներշնչում էր ազնիվ անձնապաշտպանություն և ազատության համար խիզախաբար մաքառելու աննկուն կամք։ Սակայն, չնայած վեպի այդպիսի լայն և ջերմ ընդունելությանը, նրա դեմ մեծ աղմուկ բարձրացրին կղերապահպանողական տարրերը, որոնք վիրավորված ու խոցոտված վեպի առաջավոր գաղափարախոսությունից, հալածանքի և զրպարտանքի մի ամբողջ արշավանք սկսեցին «Կայծեր»-ի հեղինակի դեմ։

«Կայծեր»֊ի մեջ բազմակողմանի կերպով Րաֆֆին քննարկել է հայ ժողովրդի, մասնավորապես արևմտահայության «բաղադրյալ հիվանդությունները», սակայն հեղինակը ամենևին էլ հավակնություն չի ունեցել պնդելու, որ իր կողմից առաջարկվող «դարմանները» կարող են անհապաղ բուժել հիվանդին։ Նա գրել է.

«Այդ դարմանները գուցե շուտով չեն օգնի, գուցե առաջին անգամ բոլորովին անհաջող կանցնին, բայց դրանով պետք չէ հուսահատվել, թե դարմանները անօգուտ են։ Դարավոր հիվանդությունները մի ժողովրդի կյանքի մեջ երկարատև բժշկության պետք ունի։ Բայց դարմանները փորձված են։ Այդ հիվանդությունը ունեցող ժողովուրդները միշտ դիմել են նույն դարմաններին։ Ուրիշ հնար չկա, հրաշքներով մեր դարում մարդիկ չեն բուժվում»։

Րաֆֆին «Կայծեր»-ի մեջ առաջ է քաշում լուրջ հարցեր և առաջադրում է նրանց լուծման քաղաքական ուղեգիծը։ Որո՞նք են Կայծեր»-ում քննարկված հիմնական հարցերը։ Գլխավորը՝ արևմտահայությանը թուրքական բռնապետության ծանր լծից ազատագրելու խնդիրն է, որի կապակցությամբ հեղինակն արծարծել է բազմաթիվ կարևոր հարցեր՝ գյուղացիության, հողի, աշխատանքի, պանդխտության, ժողովրդի լուսավորության, անհատական ազատության, ճնշված ժողովուրդների ազատագրության և ժողովուրդների համերաշխության, ընտանիքի, դպրոցի, եկեղեցու, միսիոներական քաղաքականության, կրոնափոխության և այլն:

«Կայծեր»֊ի մեջ Րաֆֆին չի սահմանափակվել վիպասանի դերով, այլ հանդես է եկել «որպես առաջնորդող ժամանակի ձգտումների և գաղափարների»։ Այդ ժամանակվա հայ կյանքում հարցերի հարցը սուլթանական ռեժիմից արևմտահայությանը ազատագրելու խնդիրն էր։ Ժամանակի հայ մամուլը և գրականությունը լայն տեղ էին հատկացնում այդ հարցին, որովհետև վճռական էր