Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/502

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց դառնո՞ւմ են գաղթականները:- Ոչ... Քանի հազարավոր ընտանիքներ մնացել են առանց տղամարդերի, քանի հազարավոր օջախների կրակը հանգել է, որովհետև տղամարդիկը մեռել են պանդխտության մեջ...»:

Ըստ Րաֆֆու` պանդխտությունը հայության, մասնավորապես արևմտահայության և պարսկահայության համար դարձել է «գլխավոր հիվանդություն»: Րաֆֆին գտնում է, որ հայ ժողովրդի աճը արգելակող և նրա ուժերը սպառող հիմնական պատճառը տնտեսական դրությունն է, աղքատությունը, որը և առաջ է բերում պանդխտություն, որ հայության համար դարձել է «ճակատագրական անեծք» ու նրան «հալածում է հայրենի երկրից»:

Պանդխտության հարցը «Կայծեր»-ում և Րաֆֆու բոլոր հիմնական երկերում քննարկված հանգուցային հարցերից մեկն է: Պանդխտությունը, ըստ Րաֆֆու, դարերի ընթացքում ուղեկցում է հայությանը՝ քաղաքական, ստրկական վիճակի և տնտեսական թշվառության պատճառով։ Պանդխտության վերացման, հողի և գյուղացիական հարցի լուծման հնարավորությունը Րաֆֆին տեսնում է քաղաքական ազատության ձեռք բերման` բռնակալ լծի թոթափման մեջ:

Ազգային-ազատագրական շարժման և հողային ու գյուղացիական հարցերը քննարկելիս Րաֆֆին լուրջ ուշադրություն է կենտրոնացնում աշխատավոր գյուղացիության վրա։ Նա հավատացած է, որ արդարությունը և իրավունքը հաղթանակ տանելով կապահովեն աշխատավոր մարդու «արքայությունը»: «Աշխատությունը որքան և անշահավետ լիներ գործողի համար,- գրում է Րաֆֆին, վաղ թե ուշ կարող էր վարձատրություն գտնել, օգուտ բերել։ Նա ուներ իր փառավոր ապագան, իսկ անգործությունը, իրավ որ մեռելություն է, նրա սկիզբը և վախճանը մահ է»: Մշակ մարդու ազնիվ աշխատանքը Րաֆֆին հակադրում է աշխարհի ունայնության քարոզին և ֆատալիզմին, որ բոլոր տեսակի հույսերը դնում է «աստուծո և նախախնամության վրա»։

Րաֆֆին հակադրվելով աշխարհի ունայնության քարոզին, ջատագովում է ազնիվ աշխատանքը. «Որքան և իզուր թափված լիներ մշակի քրտինքը, որքան և հուսահատական լիներ նրա դրությունը, դարձյալ նա կենդանի մարդ է, նա գործում է, նա պատերազմում է իր գոյությունը ոչնչացնող դժվարությունների հետ. նրա մեջ մեռած չէ ինքնապահպանության զորությունը: Եվ այս կյանքի և մահու կռվի մեջ նա իրան պատրաստում է մի օրվա, երբ կտիրեն իրավունքը և արդարությունը, երբ կազատվի աղաների հարստահարությունից։ Այն ժամանակ կգա մշակ մարդու արքայությունը, այն մարդու, որ գործ ունի արդար և հավատարիմ բնության հետ, որ չէ մտածում իր նման մարդերի քրտինքից իր համար ապրուստ քամել...»։

Սակայն Րաֆֆին իրավացի կերպով դնում է այն հարցը, որ քանի դեռ արևմտահայությունը, ինչպես և պարսկահայությունը կգտնվեն ֆիզիկական բնաջնջման անմիջական սպառնալիքի տակ, նրանց համար չի կարող լինել գույքի ապահովություն և արդար ու խաղաղ աշխատանքի հնարավորություն: Դրան հասնելու համար անպայման պետք է թոթափել օտարի լուծը, որն իրագործելու համար անհրաժեշտ է ժողովրդին դուրս բերել դարավոր խավարից, նախապաշարմունքից և ստրկամտությունից։ Պետք էր նախ և առաջ փարատել խավարը, և ժողովուրդն ինքն իրան կգտնի ճանապարհը»:

Բայց հիմնական պայմանը զենքն է, որը պետք է ընտրել որպես «գլխավոր միջոց»: