Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/503

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սակայն Րաֆֆին շեշտում է այն կարևոր հանգամանքը, որ հայ ժողովրդի ղեկավար գործիչները` «ազգապետները», մասնավորապես եկեղեցականները, որոնց ձեռքին գտնվում է ժողովրդի կրթության և դաստիարակության գործը, քարոզել են բացառապես կույր հնազանդություն և բոլորովին չեն մտահոգվել և այն բանով, որ ժողովուրդը լուսավորվի, ազգային ինքնաճանաչման հասնի և կարողանա գիտակցել: «Թե որքան վատ է օտարի կոպիտ ուժի տակ ճնշված դրությունը, թե որքան լավ է իր սեփական հողի վրա, իր քրտինքով ազատ ապրելը»։ Ըստ Րաֆֆու, եկեղեցականը ժողովրդի համար «մեռած և անպիտանացած տարր է»: Մանրամասն տվյալներով Րաֆֆին ապացուցում է, թե որքան մեծ թիվ են կազմում եկեղեցականները հայ իրականության մեջ։ Այդպես շատ են և կրոնական հիմնարկությունները, իսկ դրան հակառակ գոյություն չունի «ոչ մի ժողովրդական դպրոց»։ Կրթության գործը գտնվում է տեր թոգիկների, Սիմոն պատվելիների նման շահամոլ, տգետ, ազգուրաց, մատնիչ ու դավաճան անձանց ձեռքին, որոնք պատվաստում են կույր հնազանդություն և սերմանում են նախապաշարումներ ու սնոտիապաշտություն: Ըստ Րաֆֆու «ստրկության արմատները» գրված են ընտանիքում, դպրոցում, եկեղեցիներում ու վանքերում:

Րաֆֆին առաջ է քաշում հասարակական, ընտանեկան այդ կազմակերպությունների ու հիմնարկությունների վերակառուցման խնդիրը։ Որպես ժողովրդական կրթության կազմակերպման լավագույն օրինակ, Րաֆֆին «Կայծեր»-ում նկարագրում է Ռշտունյաց աշխարհում գործող, Կարոյի ղեկավարած դպրոցը, ուր աշակերտները կրթվում են ազատասիրության, հայրենասիրության ոգով և ստանում են աշխատանքային ու ֆիզիկական դաստիարակոլթյուն: Տեր֊թոդիկյան դպրոցին հակադրված է նաև Վարագա վանքում գործող Խրիմյանի դպրոցը, ուր լուրջ ուշադրություն է նվիրվում հայոց պատմությանը, բնական գիտություններին և որ գլխավորն է` երկրագործությանը: Թե՛ «Կայծեր»-ում և թե՛ իր մյուս բոլոր աշխատություններում Րաֆֆին մեծ նշանակություն է տալիս դպրոցին և գտնում է, որ հայրենասեր և առաջավոր երիտասարդությունը, որին և նա համարում է հայ ժողովրդի «գլխավոր զորությունը», պետք է կարողանա դպրոցների, մամուլի և գրականության միջոցով արթնացնել ժողովրդին և նրան նախապատրաստել ազատագրական պայքարի։ Սակայն Րաֆֆին այն կարծիքի է, որ դեռևս խիստ քիչ է այդպիսի անձնուրաց երիտասարդների թիվը, նրանք դեռևս միայնակներ են, հետևաբար, պետք է խտացնել նրանց շարքերը, որովհետև մի ծաղկով գարուն չի գա:

«Մեզ պակաս է և հասարակական գլխավոր զորությունը, այն է` թարմ և նորհաս երիտասարդները. դրանք կարող էին դպրոցների, գրականության և լրագրության միջոցով զարթեցնել և նախապատրաստել ժողովրդին։ Բայց դժբախտաբար մենք երիտասարդություն չունենք. մենք ունենք Կ. Պոլսում մի քանի տգետ և ամեն կրթությունից զուրկ զևզեկներ միայն, որոնք ուրիշ ոչինչ չեն, եթե ոչ շաղակրատ տիրացուներ: Եվ ո՞վ է մնում, մնում են մի քանի կարոներ, արդարև ազնիվ և դործող անձինք, բայց մի ձեռքը ծափ կզարկե՞»։

Րաֆֆին գտնում է, որ տակավին նոր է կազմակերպվում «կառավարությունից դժգոհ» երիտասարդությունը, բայց, այնուամենայնիվ, Րաֆֆին չի հուսահատվում, որովհետև նա իր լավագույն հույսերը կապում է ժողովրդի հետ, որին նա համարում է «մեծ զորություն»։ «Այնուամենայնիվ, մենք բոլորովին հուսահատ չենք, մենք ունենք մե, թեև անմշակ, բայց մեծ զորություն — ամբոխը,— դա բավական է...»: