Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/506

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրանք վաճառականներ են, վաճառականի սրտից միշտ հեռու է մարդասիրական զգացմունքը...— Օտարի օգնությունից մեզ շահ չկա։ Դժբախտ է այն ազգը, և միշտ դժբախտ կմնա, որ օտարի օգնությանը կարոտ կլինի։ Ոչ ոք իր հոգու համար մեզ չի օգնի։ Նա պետք է տասը բան առնե մեզանից, որ մի բան տա։ «Ողորմություն խնդրողի երեսը միշտ սև կլինի և քսակը դատարկ»։ Մարդ պետք է իր սեփական աշխատությամբ և իր ուժով ոտքի կանգնի։ Օտարի օգնությունը նման է մի նեցուկի, որը հենց որ ետ քաշեցիր, կտեսնես դարձյալ ցած կընկնի նրա վրա հենված առարկան...»։

Րաֆֆին մերկացնելով թուրքական կառավարության խորամանկ քաղաքականությունը, գրում էր. «Խոստանալ և չկատարել, այդ Թուրքիայի վաղեմի սովորությունն է։ Իսկ բարիք խոստանալ և չարը գործադրել — այդ պահանջում է նրա այժմյան ամենախարդախ քաղաքականությունը։ Հասկանալի է, որ Բ. Դուռն ամեն տեսակ հնարքներ գործ կդնե, որ Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածը գործադրություն չգտնի Հայաստանում։ Նա շատ լավ հասկանում է, թե այդ հոդվածը ինչ ապագա է պատրաստում հայերի համար։ Հայաստան բառը խիստ անախորժ տպավորություն է գործում Թուրքիայի վրա։ Բ. Դուռը բացարձակ կերպով հայտնեց հայոց պատրիարքին, թե յուր պետության մեջ Հայաստան անունով երկիր չէ ճանաչում»։

Րաֆֆին նկատի ունենալով թուրքական արյունկզակ կառավարության նենգավոր քաղաքականությունը և այդօրինակ լկտի դիրքը հայերի վերաբերմամբ, ինչպես նաև անգլիական դիվանագիտական գործիչ Բրայսի զայրացուցիչ և նողկալի հայտարարությունը հայերի հասցեին՝ «աշխատեցեք չձանձրացնել Եվրոպային», հանգում էր այն տխուր եզրակացությանը, որ «Թուրքիան խոստանում է վճռել հայոց հարցը չորս ամսվա մեջ։ Գուցե վճիռը նրանով կվերջանա, չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա...»։

Դժբախտաբար պատմության ընթացքը՝ հետագա արյունոտ անցքերը, անհերքելի կերպով ապացուցեցին Րաֆֆու զգաստ կանխատեսության ճշմարտությունը։ Թուրքական կառավարությունը հետևողական կերպով վարելով իր զազրելի հայաջինջ քաղաքականությունը՝ 1895—96 թվականներին Սասունում և այլուր կազմակերպեց մասսայական ջարդեր, իսկ 1915 թվականին տեղի ունեցավ հայերի բնաջնջման սպանդը, երբ սրածեցին շուրջ մեկ ու կես միլիոն հայություն։

Րաֆֆին սպանիչ քննադատության ենթարկելով թուրքական կառավարությանը և եվրոպական գաղութարարներին, չի խնայում նաև հայ հարստահարիչներին, ամիրաներին, վաճառականներին, եկեղեցականներին։

Հայ շահագործող տարրերի նկատմամբ Րաֆֆին հանգում է այն հետևության, որ դրանք ժողովրդի «արյուն ծծողներն» են։ «Քեռի պետրոսները, տերթոդիկները ժողովրդի անհարազատ որդիքն են, նրանք կտրված են ընդհանրությունից, որովհետև իրենց եսական շահերին են ծառայում, նրանց թիվը փոքր չէ, և ավելի ցավալին այն է, որ նրանք ժողովրդի առաջնորդող մասն են կազմում։ Ահա այստեղ է մեր դժբախտությունը»։

Եթե քեռի պետրոսներին, տեր թոդիկներին միշտ շահեկան էր գործել թուրք, քուրդ, պարսիկ հարստահարիչների հետ և «դավադրություն մեքենայել» հայ ժողովրդի դեմ, ապա հայրենիքին նվիրված, անձնուրաց երիտասարդությունը՝ հանձինս ասլանների, կարոների, ֆարհատների, սագոների, նվիրված է ժողովրդի ազատության և բարօրության վեհ գործին։