Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/507

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ երիտասարդների խնդիրն է՝ ջանքեր չխնայեք բորբոքելու ժողովրդի հայրենասիրական զգացումները, նախապատրաստել նրան և ոտքի հանել սուլթանական լուծը տապալելու համար։ Ըստ Րաֆֆու, դեռևս չեն մարել ժողովրդի ազատասիրական ձգտումների կայծերը, անհրաժեշտ է ուժ տալ նրանց, թեժացնել այդ կրակը։ Այդ առթիվ նա գրել է. «Այո՛, հանգած չեն, բայց մնացել են նրանց անզոր կայծերը միայն, որոնց պետք է շունչ տալ, բորբոքել, մինչև նրանք բոցավառվեն»։

Բոցավառել ժողովրդի ազատասիրական կայծերը, կռվել բռնության և անարդարության դեմ, «հեղափոխել հին դրությունը... փշրել ստրկության շղթաները» և հասնել ազատության ու մարդկային իսկական կյանքի։ Վատ մարդկանց առկայությունը Րաֆֆին վերագրում է հասարակական կառուցվածքին, որի փոփոխմամբ կփոխվի նաև մարդը. «Մարդկային կյանքի մեջ ոչ մի երևույթ, առանց նույն հասարակության հատուկ պատճառների՝ երևան չէ գալիս։ Վեր առնենք մի ավազակ, մի մարդասպան, մի ստրուկ և քննենք նրանց կյանքի պատմությունը, կտեսնենք, որ նրանց կյանքն այնպիսի պայմանների մեջ է դրված եղել, որ ավազակը պետք է ավազակ լիներ, մարդասպանը՝ մարդասպան, և ստրուկը՝ ստրուկ։ Փոխեք նրանց կյանքի պայմանները, և դուք կտեսնեք, որ նրանք օրինավոր մարդիկ կդառնան։ Եվ այսպես, մենք միայն պիտի ցավենք, որ մեր մեջ հայտնվում են անպիտան մարդիկ, բայց դատապարտել նրանց չենք կարող, որովհետև մեր հասարակությունը իր փտած կազմակերպությամբ ինքն է ծնել այդ մարդիկներին։ Եվ եթե մենք ցանկանում ենք, որ չարությունը բառնանք, պետք է աշխատենք նախ ուղղել հասարակության վատ կազմակերպությունը, և այն ժամանակ նրա անդամները բոլորը լավ մարդիկ կլինեն»։

Հասարակությանը չարիք պատճառող անձանց, ինչպիսիք են՝ քեռի պետրոսները, տեր թոդիկները, վանահայր կարապետները և Վանի հոգևոր առաջնորդները, անհատ-անհատ ոչնչացնելը, Րաֆֆին համարում է «մասնավոր նպատակ» և ոչ «ընդհանուր»։ Ըստ Րաֆֆու, առաջավոր երիտասարդությունը, հանձինս Ասլանի, Կարոյի և իրենց զինակիցների, որ պայքարում է հանուն «ընդհանուր գործի» հաղթանակի, պետք է կարողանան ազատագրական պայքարի մեջ ներգրավել ամբողջ ժողովրդին, առանց որի անհնարին է հաղթանակի ձեռքբերումը։ Րաֆֆին առաջ է քաշում համազգային, համաժողովրդական ապստամբության բարձրացման խնդիրը, հասարակությունը «ուղղելու» պահանջը։ Րաֆֆին «Կայծեր»-ում և առհասարակ բոլոր գործերում այն միտքն է հայտնում, որ ղեկավար գործիչների բոլոր այն ձեռնարկումները, որոնք չեն բխում ժողովրդի շահերից, չեն ծառայում նրան և ընդունելություն չեն գտնում նրա կողմից, միշտ դատապարտված են անհաջողության։ Ցնորամտություն և կատարյալ «դոնքիշոտություն» է, երբ որևէ առաջավոր գաղափար սոսկ առանձին անհատների երևակայության պտուղն է, բոլոր այդպիսի դեպքերում հերոսների սկսած գործը տանուլ է տրվում, ձախողվում։ «Երբ որևիցե ժողովրդական շարժման գաղափարը մի քանի անհատների երևակայության ցնորքն է միայն, և տակավին չի ընդհանրացել, չի տարրացել ամբոխի գոնե մի մասի մեջ,— հարվածով կարելի է ոչնչացնել բոլորին, երբ առաջնորդող անձինքը ոչնչացած կլինեն,— գրում է Րաֆֆին,— բայց ամբոխը ուրիշ բան է. ամբոխի մեջ միտքը սպանել անհնարին է»։

Րաֆֆու այս միտքը կարմիր թելի նման անցնում է նրա բոլոր ստեղծագործությունների