Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/509

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պարսկաստանում գիտական արշավանքի եկած ծերունի գիտնական Ֆիշերի հետ ուզարկում են Ամերիկա՝ «Լույսի և արհեստի աշխարհը», կրթություն ստանալու նրանք իրենքց կրթությունն ավարտելով, վերադառնում են Հայրենիք և իրենք նվիրում ժողովրդի լուսավորության ու ազատության գործին։

Սովետահայ որոշ քննադատներ անտեսելով պատմական այդ ճշմարտությունը, միանգամայն անհիմն և քմահաճ կերպով Րաֆֆուն մեղադրեցին այն բանում, որ նա իբր թե «Կայծեր»-ում ամերիկյան կապիտալիստներին ու պլանտատորներին ներկայացրել է որպես «բարի քեռիներ» և Ասիայի քաղաքակրթիչներ»։ Այդ քննադատներն անտեսեցին այն ճշմարտությունը, որ Րաֆֆու «Կայծեր» վեպում անողոք քննադատության են ենթարկված եվրոպական բուրժուական պետությունները, նրանք անցնում էին այնպիսի փաստերի կողքով, որ 60—70-ական թվականների Ամերիկայի նկատմամբ դրական կարծիք են հայտնել նաև ռևոլյուցիոն֊դեմոկրատ Միքայել Նալբանդյանը և հայ խոշորագույն երգիծաբան Պարոնյանը, չնայած այն հանգամանքին, որ նրանց ստեղծագործություններում խիստ շանթալից քննադատության է ենթարկված եվրոպական «քաղաքակրթությունը»։

Րաֆֆին ևս Ամերիկայի նկատմամբ այլ վերաբերմունք չի ունեցել, քան այն, որ նա այդ երկիրը՝ Ամերիկան, համարել է «Լույսի և արհեստի աշխարհ» և համակրանք է տածել հատկապես այն բանի համար, որ այնտեղ ուժեղ պայքար էր գնում ստրուկների ազատության համար, որը և պսակվեց հաջողությամբ։ Ահա թե ինչու նա գովել է «Քեռի Թոմասի տնակը» գիրքը և նրա հեղինակ Ստոու Բիչերին։ Բիչերի մասին Րաֆֆին գրել է. «Մտքերի այդ կռվի ժամանակ հայտնվում է մի կին Բիչեր Ստոու և օգուտ քաղելով ժամանակի մտածություններից գրում է մի վեպ ստրուկների կյանքից։ «Թոմաս ախպոր տնակը»։ Այդ կնոջ համար ասում են, որ ստրուկների ազատիչը եղավ ոչ այնքան Հյուսիսային Ամերիկայի զենքը, որքան նրա վեպը»։

Միանգամայն անհիմն է այն մեղադրանքը, որ իբր թե Րաֆֆին ամերիկյան կապիտալիստներին ներկայացրել է որպես «ասիական ժողովուրղների քաղաքակրթիչ»։ Ճշմարտությունն այն է, որ «Կայծեր» վեպում Րաֆֆին միանգամայն առողջ լավատեսությամբ փայլուն ապագա է կանխագուշակում Ասիայի ժողովուրդների համար։ Նա այդ հարցում արձագանքում է մեծ ոևոլյուցիոներ Միքայել Նալբանդյանին։ «Կայծեր»-ում Րաֆֆին գնում է Ասիայի «մանկացման» խնդիրը։ Այդ առթիվ Րաֆֆին ամերիկյան գիտնական Ֆիշերի բերանով ասում է. «Ասիան տվեց մեզ գիտության նախագիտելիքները և ինքը ծերացավ անշարժության մեջ։ Մենք նրա հավատարիմ աշակերտներն ենք։ Երախտագիտությունը պահանջում է, որ մենք տոկոսներով վերադարձնենք մեր ծերունի վարժապետին մեր ստացածը, որպեսզի նա դարձյալ մանկանա, նոր աշխուժով և նոր կյանքով։ Եվ ես այդ նպատակով բերեցի խորին Ասիայից այդ մանուկներին, որ այժմ զարդարում են իմ ամբիոնի շուրջը»։

Րաֆֆու այս հարցադրումը լիովին համընկնում է Նալբանդյանի նույն հարցի նկատմամբ հայտնած կարծիքին։ Նալբանդյանը գրել է․ «Պիտի գա օր, երբ այն պառավ Ասիան պիտի մանկանա, և ասիական ազգերը այն վայրկենից պիտի սկսանին յուրյանց պատմությունը, եթե ընդունակ լինին իբրև ազգ ապրելու, իսկ եթե ոչ, օրըստօրե կանհետանան, որպես մի կաթիլ համատարած ծովի մեջ։ Ամերիկան, Ավստրալիան, այլ երկրներ և կղզիք կենդանի վկայք են մեր խոսքին։ Ասիո ապագան ավելի մեծ է, ավելի լայն է տնտեսական խնդրի վերաբերությամբ,