Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սերը, ուրախությունը, զեխությունը միշտ թագավորել է այստեղ գազանային անգթության հետ...

Երեխայությունիցս ես սովորած էի սարսափել, դողալ մեծ մարդերի առջև, այդ պատճառով մինչև փաշային ներկայանալը, ինձանում սիրտ չէր մնացել։ Ասլանը նկատեց իմ երկչոտությունը և, մի կողմից հանդիմանելով, մյուս կողմից խրախուսելով, ասաց.

— Դու տակավին ստրկահոգության մեջ ես մնացել, ինչո՞ւ ես շփոթվում, մի՞թե նա էլ քեզ նման մարդ չէ՞, միթե ահեղ աստուծո առջև պիտի դուրս գաս...

Ես փոքր-ինչ հոգի առա, ավելի ամաչելուց, քան թե քաջալերություն ստանալուց։

Փաշան, եթե կարելի է այսպես կոչել, մի ահագին մսեղեն բլուր էր, հաստ փորով, հաստ գլխով, հաստ ձայնով, մի խոսքով, նրա մեջ ոչինչ նուրբ և տաշած բան չկար։ Նուրբ էր նրա մեջ միայն տաճկական բարձր պաշտոնակալի բնական խելքը, խորամանկությունը, կեղծավորությունը, որ նենգավորության էր հասնում։ Նա խիստ քաղաքավարությամբ ընդունեց մեզ, և իր մանկլավիկների օգնությամբ, որոնք նրա աջ ու ձախ թևքերից բռնելով վեր բարձրացրին, կանգնեց և մի քանի քայլ փոխելով, մոտեցավ բռնեց Ասլանի ձեռքը։

— Իմ բախտավորությանը չափ չկա— ասաց նա,— որ իմ տան շեմքը արժանանում է ընդունել ձեզ պես թանկագին հյուրին, պարոն բժշկապետ։

Փաշան Ասլանի աջը չթողեց իր ձեռքից, տարավ նրան, նստեցրեց իր մոտ, աջ կողմում։ Ես մնացի ոտքի վրա կանգնած, դահլիճի դռան մոտ։ Գիտեի այդ սովորությունը և մի քանի անգամ տեսել էի, թե ինչպես զինված ծառաները սպասավորում են իրանց տիրոջը, հենց միևնույն սենյակում, ուր նա ընդունելություն է գտնում մի օտարի մոտ։ Ծառան այդ դեպքում թիկնապահ է, մի քաջ վերահսկող է, որ, ձեռքը իր սրի կոթի վրա դրած, ամենայն զգուշությամբ նայում է իր տիրոջ վրա։ Երբ նրա կյանքին մի որևիցէ վտանգ է սպառնում, նա պահապան հրեշտակի նման օգնության է հասնում։ Ես այդ դիրքն էի բռնել։

Փաշայի աոաջին խոսակցությունը այն աստիճան քաղցր սահուն և գրավիչ էր կարծես մի շաբաթ առաջ սերտել էի այն ջերմ, սրտից բխած խոսքերը։ Բայց ոչ թե մի շաբաթ առաջ, այլ իր ամբողջ կյանքում նա սերտել էր այդ խոսքերը։ Օտարերկրացու