Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/512

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համագործակցությամբ գաղափարը ընդդեմ սուլթանական բռնակալության, հայ ժողովրդի քաղաքական ազատագրական պայքարի պատմության մեջ նոր խոսք էր։

Կարոն որպես գյուղական ուսուցիչ հատուկ ուշադրություն է նվիրում քուրդ երեխաների կրթության գործին և անքուն գիշերներ է անցկացնում իր հիվանդ քուրդ աշակերտի սնարի մոտ, մինչև որ նա ապաքինվում է։ Քրդերն էլ սիրում և «սաստիկ հարգում են» Կարոյին։ Այդ հանգամանքը նկատի ունենալով, վեպի դրական հերոսներից մեկը ասում է. «Քուրդն էլ մարդ է, զգացմունք ունի, հո գազան չէ...»։ Կարոն առաջ քաշելով անձնապաշտպանության խնդիրը, հատկապես ընդգծում է այն հանգամանքը, որ բոլոր դեպքերում իրենց խնդիրն ու նպատակն է՝ դուրս չգալ անձնապաշտպանության սահմաններից։ Այդ առթիվ նա ասում է. «Ես չեմ ասում, որ մենք հարձակվենք նրանց վրա, բայց երբ որ մեզ վրա հարձակվելու լինեն, պետք է պաշտպանվենք»։

Այդ միտքը է՛լ ավելի պարզ ձևակերպված է Ասլանի հետևյալ խոսքերում. «Ես ընդդեմ եմ վայրենության, բայց անձնապաշտպանությունը սուրբ է մարդու համար»։

Ռշտունցի հայերն ու քրդերը «լավ դրացիներ են», նրանք ամենօրյա սերտ հարաբերությունների մեջ են ու փոխադարձաբար օգնում են իրար։

«Կայծեր»-ի մեջ Րաֆֆին քննադատում է եվրոպական «լուսավոր» պետություններին, ինչպես և թուրքական կառավարությանը՝ հրեաներին հալածելու, հրեաների ջարդեր կազմակերպելու մեջ։

«Կայծեր»-ում Րաֆֆին հանդես է եկել որպես մեծ հումանիստ, ազատության, արդարության և հավասարության ջատագով։ Սակայն միաժամանակ պետք է նշել, որ Րաֆֆու աշխարհայացքը զերծ չի թերություններից և որոշ հակասություններից։

Չնայած այն հանգամաքին, որ Րաֆֆին «Կայծեր»-ում խիստ կերպով քննադատել է վաճառականներին, մերկացրել է նրանց զազրելի էությունը, բայց միաժամանակ հայտնել է այն կարծիքը, որ կարող է գոյություն ունենալ «արդար խղճմտանքով վաճառականություն»։ Թեև Րաֆֆին սուր և խիստ քննադատություն է ծավալել «Կայծեր»-ում եկեղեցականների նկատմամբ և կերտել է այնպիսի բացասական տիպեր, ինչպիսիք են՝ Տեր Թոդիկը, վանահայր Կարապետը, Վանի առաջնորդ Պողոսը, Լիմ և այլ անապատների աբեղաները, բայց նա միաժամանակ առանձին դեպքերում չափից ավելի ընդգծել է հոգևոր որոշ գործիչների դրական դերը։

Րաֆֆին ազատագրական շարժման հաղթանակի գաղափարը իրավացի կերպով կապում է ժողովրդի հետ, նրան համարելով գլխավոր ուժն ու պատմության կերտողը, բայց և այնպես նա առանձին դեպքերում չափազանցրել է անհատ գործիչների դերը։

«Կայծեր»-ում կան նաև սուր արտահայտություններ թուրքերի, պարսիկների ու քրդերի հասցեին, սակայն չպետք է մոռանալ, որ այդ առանձին արտահայտությունները ոչ այլ ինչ են, քան ճնշված ժողովրդի բողոքի ձայնը ընդդեմ ճնշման, որ երբեմնակի այդ ձայնը ճնշված ու ստրկացած ժողովրդի արվեստագետի հոգուց արձակում է խորթ հնչյուններ։ Սակայն Րաֆֆու ստեղծագործությունները չեն բնորոշվում այդ մասնակի արտահայտություններով։

«Կայծեր»-ը հայրենասիրության հրովարտակ է, հայ ժողովրդի և ճնշված ժողովուրդների ազատագրության կոչ։ «Կայծեր»-ի միջուկը հայ ժողովրդի պանծալի