Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/519

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԿԱՅԾԵՐ

Ժողովրդի մեջ ազատության կայծերի բորբոքման գաղափարը տարիներ շարունակ եղել է Րաֆֆու մտորումների կենտրոնում։ Այս թեմայից մի շարք խնդիրներ արծարծվեյ են նրա վաղ շրջանի տարբեր բնույթի ստեղծագործություններում։ «Կայծեր»-ի գրությանը նախորդող, նյութի կուտակման ժամանակաշրջանում իր ստացած ճամփորդական տպավորությունները, հոդվածներում բարձրացրած հարցերը և ակնարկներում արտահայտած դեպքերից առանձին դրվագներ իրենց բազմապիսի կողմերով վեպի ստեղծագործման ընթացքում կենդանանում են Րաֆֆու առջև։ Այս տեսակետից էլ «Կայծեր»-ը որոշ իմաստով հանդիսանում է Րաֆֆու մինչ այդ ունեցած ստեղծագործությունների հանրագումարը։

Վեպի թեման զուրկ չէ նաև պատմական հիմքից։ Րաֆֆու համար փաստական աղբյուր է հանդիսացել «...Վասպուրականում» երեք քառորդ դար առաջ կատարված հայերի մի շարժումը» (տե՛ս, Րաֆֆու նամակը, «Մշակ», 1879 թ, № 218), որոնց «տխուր հիշատակների մասին» նա մի շարք «լեգենդական զրույցներ» է լսել իր հայրենիքում, ինչպես նաև Վասպուրականի հայ ժողովրդի բերանից» (տե՛ս Արաքս, 1392 թ., գիրք Ա., էջ 92)։ Բացի դրանից, փաստական տեղեկություններ կան նաև Սուսանի կերպարի մասին։ 1884 թվականին Վանից «Մշակ»-ին գրված մի նամակի մեջ ասված է, որ «Սուսանը ոչ թե վիպական կեղծիք է, այլ իրոք այդ ժամանակներ այդ կտրիճ կինը հոգաբարձու եղած է Բերկրիի մոտ Տ. Հուսկան որդու վանքային և յուր հեղափոխական մտքերով և կտրիճությամբ մեծ անուն թողած է այս կողմեր»։

Թեև Րաֆֆու 1879 թվականի «Մշակ»-ի 228-րդ համարում տպագրված նամակից որոշակիորեն հայտնի է, որ Րաֆֆին վեպը գրել է «վերջին քաղաքական անցքերի ներքո», բայց մի քանի ուրիշ փաստերից պարզվում է, որ այս հավաստիացումը վերաբերում է առավելապես վեպի երկրորդ հատորի գրությանը և առաջին հատորի հիմնական վերամշակմանը։ Իսկ ինչ վերաբերվում է «Կայծեր»-ի գրությանը ընդհանրապես (որը նախնական տարբերակում բաժանված չի եղել հատորների), ապա կան նաև ուրիշ փաստեր, որոնք խոսում են այն ավելի վաղ գրված լինելու օգտին։