մոտ այդ հրեշները վերին աստիճանի բարի են քաղաքավարի են, իսկ իրանցների մոտ մի խստասիրտ գազան։
Հետո խոսակցությունը ձևականից ավելի սովորական դարձավ. խոսում էր նա, ինչ որ առհասարակ խոսում են մի ճանապարհորդի հետ, այն ևս եվրոպացի ճանապարհորդի հետ։
— Հանգի՞ստ անցավ ձեր ճանապարհորդությունը, պարոն բժշկապետ,— հարցնում էր նա։— Հույս ունեմ, մի որևիցե անախորժություն պատահած չի լինի ձեզ հետ։
— Առանձին ոչինչ չէ պատահել, ամեն տեղ սիրալիր ընդունելություն էի գտնում,— պատասխանում էր Ասլանը:
— Ուրիշ կերպ չէր կարող լինել։ Ես ինձ բոլորվին անպատված կհամարեի, եթե իմ կառավարությանը հանձնված երկրում դուք մի ամենաթեթև նեղություն անգամ կրած լինեիք։ Եվրոպացիք առհասարակ խիստ աննպաստ կարծիք ունեն մեր երկրի մասին, համարում են վայրենիների աշխարհ, ուր գլխի մազից օգուտ քաղելու համար մարդկանց կառափներ են կտրում։ Մենք շատ ուրախ ենք լինում, երբ երբեմն մեր կողմերում հանդիպում են եվրոպացի ճանապարհորդներ, գոնե այդ կարծիքը մասամբ կփարատեին մեր մասին։
— Եվրոպացի ճանապարհորդներից ոմանք շատ լավ կարծիքներ են հայտնել ձեր երկրի մասին,— նկատեց Ասլանը։
— Արդարությունն էլ այդպես է պահանջում։ Այդ գոնե առիթ կտար եվրոպացիներին չվախենալ մեր երկրից, և մենք ավելի հաճախ հարաբերություններ կունենայինք միմյանց հետ, և մեր երկրի քաղաքակրթությունը ավելի և ավելի կծաղկեր։ Իրավ է երբեմն մասնավոր անկարգություններ պատահել են (ո՛րտեղ չեն պատահում նրանք), բայց այդ եղել է ավելի հին ժամանակներում։ Իմ կողմից կատարյալ անհամեստություն կլիներ, պարոն բժշկապետ, իմ բերնով ձեզ ասել, դուք կարող եք այդ և ուրիշներից տեղականալ, որ այն օրից, երբ ես ոտք կոխեցի այդ երկրի վրա, գայլն ու գառը միասին են ապրում, որպես երկու հարազատ եղբայրներ։
— Այդ ես տեսա...— ասաց Ասլանը ժպտելով։
Այդ միջոցում ներս մտավ մի լավ հագնված մանկլավիկ, մի ձեռքում բռնած ուներ արծաթյա փոքրիկ սրճամանը, մյուս ձեռքում մի գեղեցիկ արծաթյա մատուցարան, որի վրա դրած էին երկու չինական հիանալի ֆինջաններ, նույնպես արծաթյա տակերի մեջ։ Նա, տեղային սովորության համեմատ, լցրեց ֆինջաններից