Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/520

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Րաֆֆին Պարսկաստանում եղած ժամանակ, ինչպես պատմում է նրա մերձավոր բարեկամ Ավագ Ավթանդիլանը, սովորություն է ունեցել տարեկան մի քանի անգամ (1862-1867 թթ․) լինել Թավրիզում։

Ատրպատականի թեմակալ Աբել, Եպիսկոպոս Մխիթարյանը 60-ական թվականների կեսերին Թավրիզում հանդիպելով Րաֆֆուն՝ վերցնում է նրա գրվածքներից մի քանիսը (որոնք նա «շալակած ման էր ածում իր հետ», Ավթանդիլյան, «Պատկերներ Րաֆֆու կյանքից», Ալեքսանդրապոլ, 1904 թ., էջ 73), որպեսզի կարդա և ապա իր կարծիքը հայտնի դրանց մասին: Այդ ստեղծագործությունների մեջ է լինում նաև «Կայծեր» վեպը, որի հերոսների՝ «Մըկոյի, Մարոյի և Մհեյի» մասին խոսում և վիճում է Ա․ Մխիթարյանը հեղինակի հետ։ Այստեղից դժվար չէ եզրակացնել, որ հիշյալ ժամանակաշրջանում «Կայծեր»-ը ինչ-որ վիճակում գոյություն է ունեցել։

Այնուհետև Րաֆֆին շարունակում է իր աշխատանքը «Կայծեր»-ի վրա մինչև Թիֆլիս մեկնելը։ «Մշակ»-ի հիմնադրման տարիներում նա տարվելով քաղաքի թեմատիկայով և մանր պատմվածքներով՝ ժամանակ և հնարավորություն չի ունենում հանգամանորեն զբաղվել «Կայծեր»-ով։

Թեև 1860-ական թվականների կեսերին ոմանք կարդացել են այս վեպը, և հաջորդ տարիներում Րաֆֆին նույնպես աշխատել է «Կայծեր»-ի վրա, այնուամենայնիվ վեպը կարոտ է եղել նոր վերամշակման։ «Կայծեր»-ը կատարյալ չի եղել նույնիսկ 1873 թվականին, այլապես Րաֆֆին այն կարող էր մտցնել «Փունջ»-ի տասհատորյակի ծրագրի մեջ։

1875 թվականին Րաֆֆին տեղափոխվելով Թավրիզ և աշխատելով որպես մանկավարժ, համեմատաբար ազատ ժամեր ավելի շատ է ունենում և վերսկսում է իր աշխատանքները «Կայծեր»-ի վրա. Նույն թվականին «Մշակի» նոյեմբերի 13-ի թվահամարում տպագրվում է «Կայծերի» առաջին հատորի մասը կազմող «Մեր լուսավորիչները» հատվածը։

1876 թվականին Թուրքիայի տիրապետության տակ ճնշվող ժողովուրդների ազգային ազատագրական պայքարի աշխուժացման ժամանակ և ռուս֊թուրքական պատերազմի անմիջական ազդեցության տակ Րաֆֆին սկսում է ավելի մեծ եռանդով աշխատել «Կայծեր»-ի վրա։

«Նրա միակ հոգեկան մխիթարությունը այն էր,— գրում է Ավթանդիլյանը,— որ իր վշտահար կուրծքի խորին վերքերը, իր նվիրական գաղափարները ամփոփի իր սիրած երկում։ Երբ նա խորասուզված է լինում «Կայծեր»-ը գրելու մեջ, այնպիսի թախծալի կերպարանք է ընդունում որպես մի սգավոր։ Ոչ մի կատակով, ոչ մի զվարճալի խոսքերով նույնիսկ ցնծության աղաղակներով չէր կարելի հրապուրել նրան» (Ա. Ավթանդիլյան, «Պատկերներ Րաֆֆու կյանքից», Ալեքսանդրապոլ, 1904 թ., էջ 108)։

Բացի սրանից հայտնի է Ավթանդիլյանի նաև մի այլ տեղեկություն այն մասին, որ Րաֆֆին իր ստեղծագործության երկրորդ շրջանում (1868—1878 թթ.— Ա. Ա․) «վառ է վառ աշխատել է «Խաչագողի հիշատակարանի», «Սալբու» և «Կայծերի» աոաջին հատորի վրա նրանց փոփոխության ենթարկելով» (էջ 80, ընդգծումը մերն է- Խ․ Ս․)։

Ամենայն հավանականությամբ հենց այս դեպքերից հետո, այսինքն՝ 1876 թվականին, Րաֆֆին վերջացնելով իր աշխատանքները վեպի աոաջին հատորի վրա՝ տալիս է այն իր բարեկամին արտագրելու։ «Կայծերը» նույն այն աշխատությունն է, որի մի մասը դուք հանձն առաք արտագրել,— գրում է Րաֆֆին