Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/523

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Այս օրից ես առաջարկում եմ իմ «Կայծերը»։ Դա մի ռոման է.— գրում է Րաֆֆին,— որը ես գրել եմ վերջին ռուս-թուրքական պատերազմի քաղաքական երևույթների տպավորության ներքո: Գիրքը կբաղկանա ավելի քան 1000 երեսից «Փորձի» դիրքով:

Բովանդակությունը առնված է ասիական Տաճկաստանի հայոց կյանքից,— բացատրում է Րաֆֆին,— հերոսները պռոպագանդիստներ են, որ հայտնվելվ իբրև փոքրիկ կայծեր հայկական մարած օջախից, աշխատում են փրկել ժողովուրդը ստրկության ծանր լծից: Այս գրքի մեջ կարելի է տեսնել Թուրքիայի հայի պատկերը իր բոլոր սարսափի գույներով (տե՛ս, «Արֆագանք», 1895 թ., Nօ 99):

Արծրունին չհամաձայնելով Րաֆֆու այս մտքի հետ, նրա նամակը թողնում է անհետևանք: Վերջինս նկատելով Արծրունու՝ նման սառն ու անտարբեր վերաբերմունքը, միաժամանակ «ի նկատի ունենալով, որ Տաճկահայաստանի հայերի խնդիրը գրավում է բոլոր համազգիների բարի ուշադրությունը»՝ Րաֆֆին 1879 թվականին, ինչպես ծանուցում է իր նամակում, «շտապում է որքան կարելի է շուտով տպագրել հիշյալ աշխատությունը», բայց, որովհետև բավարար քանակությամբ միջոցներ չուներ, որոշում է բաժնեգրություն հայտարարել: Նույն թվականի դեկտեմբերի 10-ին Րաֆֆին մի տպագիր շրջաբերականով դիմում է Մելքոն Փանյանին (Մոսկվա), Հովսեփ Կոնստանյանցին, Սուքիաս Պարզյանին (Էջմիածին) և «Մշակ»-ի բոլոր ընթերցողներին, խնդրելով օգնել իրեն: «Տպագրության ծախսերի դժվարությունը,— գրում է նա,— ինձ ստիպեց դիմել մեր պատվելի ընթերցող հասարակությանը՝ խնդրելով նրա համակրությունը մի այնպիսի ձեռնարկության մասին, որը բարեմիտ անձանց օժանդակության կարոտ է: Ես հուսով եմ, որ իմ ակնկալությունը անպտուղ չի մնա և բաժանորդագրությամբ լույս կտեսնի «Կայծեր»-ը: Շարունակության մեջ Րաֆֆին հայտնում է, որ գիրքը ունենալու է երկու հատոր, որոնք կտպագրվեն մինը մյուսից հետո և խոստանում է «Տպագրության սկսել այն ժամանակ՝ երբ բաժանորդներից գոյացած գումարը կլրացնե տպագրության ծախսերը» (տե՛ս, Րաֆֆի «Երկերի ժողովածու», հտ․ 9, Երևան, 1958 թ., էջ 503)։

1880 թվականի «Մշակ»-ի № 1-ում հայտարարություն է տպագրվում, որ առաջիկա տարում կտպագրվի Րաֆֆու «Կայծեր» վեպը՝ բաղկացած երկու առանձին հատորից, որոնցից «յուրաքանչյուրը կբովանդակե մոտավորապես 400 տպագրական երես»։ Այս դեպքից չորս ամիս անց Րաֆֆին Սուքիաս Պարզյանին գրում է. «Ճշմարիտ կասեմ Ձեզ, որ մեծ բարոյական տանջանք է պատճառում ինձ այս եղանակով գիրք տպագրելը... Մենք ստիպված ենք մուրացկանություն անել, դրան և նրան ձանձրացնել, փող հավաքել, որ գոնե մեր աշխատությունը լույս տեսնե»։ Միջոցներն այնքան քիչ են լինում և դժվարությունները այնքան հուսահատեցնող, որ Րաֆֆին շարունակության մեջ գրում է «...Եթե «Կայծեր»-ը չշոշափեին մի քանի նշանավոր ժամանակակից խնդիրներ, ես երբեք չէի հանձն առնի այժմ տպագրել» (տե՛ս, Րաֆֆի «Երկերի ժողովածու», հտ. 10, Երևան, 1959 թ., էջ 61):

Թեև Րաֆֆին հուսով էր, որ «իր ակնկալությունը անպտուղ չի մնա», բայց և նրա կոչին արձագանքողներ չեղան: Շուտով նյութական դժվարությանը ավելանում են նաև գրաքննիչի հարուցած խոչընդոտները: Ելնելով դրանից՝ նա որոշում է գրքի տպագրությունը տեղափոխել Մոսկվա։ Սակայն հետո թողնում է իր այդ դիտավորությունը և նախապատրաստվում է այն Թիֆլիսում տպագրելու:

1882 թվականի սկզբին Րաֆֆին «Կայծեր»-ի առաջին հատորը հանձնում է