Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/525

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դադարում է աշխատակցել «Մշակ»-ին։ Լրագրի հաջորդ համարից ընդհատվում է նրա «Խաչագողի հիշատակարանը» վեպի տպագրությունը։ Մ. Փանյանին և Հ. Առաքելյանին գրած նամակներում Րաֆֆին բացատրում է, որ կառավարությանը «մոլորության մեջ են գցել մի քանի բախտախնդիրներ»:

Նույն թվականի «Մշակ»-ի 118 և 119 համարներում Հայկունու բանավեճի առթիվ «Կրիտիկան մեր մամուլում» հոդվածով բանավեճին մասնակցում է նաև Լեոն (Առաքել Բաբախանյան)։ Փոքր անց «Մեղու Հայաստանի» լրագրի 88 և 91-րդ համարներում (1883 թ.) «Իմ պատասխանը» վերնագիրը կրող հոդվածով կրկին անգամ հանդես է գալիս Հայկունին և վիրավորական խոսքեր նետելով Լեոյի հասցեին, առ ոչինչ է համարում նրա դիտողությունները։

Երկարատև լռությունից հետո 1883 թվականի սեպտեմբերի 30-ին «Մշակ»-ում «Պ. Հայկունու կրիտիկան և «Կայծերը» խորագիրը կրող հոդվածաշարով հանդես է գալիս նաև Րաֆֆին՝ Փավստոս ստորագրությամբ։ (տե՛ս, «Մշակ», 1883 թ., M 141, 142, 144, 145, 148, 149, 150):

Հայկունու մասին Փավստոսի հոդվածից չանցած երկու շաբաթ «Մեղու Հայաստանի» լրագրում «Երկրորդ պատասխանս» շարունակվող հոդվածներով նորից հանդես է գալիս Հայկունին (Տե՛ս «Մեղու Հայաստանի», 1883 թ., № 104, 105, 106, 107, 108, 109, 112, 113, 115 և 117):

Նախքան կվերջանար առաջին հատորի տպագրության գործը, Րաֆֆին ձեռնամուխ է լինում երկրորդ հատորի նախապատրաստմանը: Նկատի ունենալով վեպում տեղ գտած մի շարք անճշտություններ՝ նա ցանկանում է կրկին անգամ «ճանապարհորդել Վանի, Մուշի և առհասարակ Վասպուրականի կողմերը», որպեսզի կարողանա հետազոտել «երկրի և բնակիչների դրությունը, նրանց փոխադարձ հարաբերությունը»: Սակայն նյութական միջոցների դժվարության պատճառով՝ նրա Պոլիս գնալու և Վանի ու Մուշի վրայով Թիֆլիս վերադառնալու ցանկությունը մնում է անկատար։ Բազմապիսի մաքառումներից հետո, երբ Րաֆֆին համոզվում է, որ այլևս չի կարող ճամփորդել, մանավանդ որ վեպի առաջին հատորն արդեն հրատարակվել էր և զգացվում էր երկրորդ հատորի պահանջը, նա որոշում է առանց իրագործելու իր մտադրությունը՝ վեպը հանձնել տպագրության։ 1883 թվականի փետրվարի 23-ին նա իր բարեկամներից մեկին հայտնում է, որ «Կայծեր»-ի երկրորդ հատորը կտպագրվի այս տարի նույնպես Ա. Մելիք-Հայկազյանի ծախքով», Սակայն մայիսին նրա բնակարանում կատարված խուզարկությունից հետո Րաֆֆին ստիպված է լինում փոխել իր որոշումը։ Մելքոն Փանյանին ուղղված մի նամակի մեջ Րաֆֆին գրում է. «Այժմյան հանգամանքներում «Կայծեր»-ի երկրորդ հատորը հրատարակել չեմ կարող, պետք է սպասեմ հարմար ժամանակի»։ (Տե՛ս, Րաֆֆի «Երկերի ժողովածու», հտ. 10, Երևան, 1959 թ., էջ 593) ։ Եղած ակնարկը վերաբերում է գրաքննիչին, և նրա խստությունները լուրջ կերպով անհանգստացնում են Րաֆֆուն, «Իմ երկյուղը գրաքննիչից է,— մի առիթով պատմում է Րաֆֆին Շիրվանզադեին,— այդ անիրավ Սոլոմոն-խան Մելիք-Մեհրաբյանը մի սոսկալի դահիճ է հայ գրականության համար։ Նա ինձ ասում է. «Դուք պրոպագանդիստ եք, հեղափոխություն եք քարոզում»: Այդ շրջանում «նրա միակ հոգսն էր,— շարունակում է Շիրվանզադեն,— «Կայծեր»-ի երկրորդ հատորի հրատարակությունը» (տե՛ս, Շիրվանզադե, «Երկերի ժողովածու» հտ. 8, Երևան, 1961 թ., էջ 115):

1885 թվականին ցանկանալով իր վերաբերմունքը ցույց տալ կաթողիկոսական թեկնածուների նկատմամբ, Րաֆֆին «Աղբյուր» ամսագրի 4-րդ համարում