Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/526

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առաջին անգամ տպագրում է «Կայծեր»-ի երկրորդ հատորի «Վարագ» գլխից մի հատված: Նույն թվականի հուլիսի 30-ին գրած մի նամակից մենք իմանում ենք» որ նա վերստին դիտավորություն ունի հրատարակել «Կայծեր»-ի երկրորդ հատորը: Իմանալով, որ գրաքննիչը արգելած ստեղծագործությունների ձեռագրերը չի վերադարձնում, Րաֆֆին որոշում է «Կայծեր»-ի երկրորդ հատորը արտագրել և մի օրինակ թաքցնել:

1886 թվականի նոյեմբերի 26-ին գրաքննիչը թույլատրում է «Կայծեր»-ի երկրորդ հատորի տպագրությունը։ «Այդ օրը Րաֆֆու համար կատարյալ տոն էր,— գրում է Շիրվանզադեն,— ուրախություն անսահման»։ Ստանալով թույլտվությունը դրանով չէր հարթվում գործը, դեռևս անորոշ էր վեպի տպագրական ծախսերի հարցը: Րաֆֆին ստիպված է լինում գնալ Բաթում և մեկենաս Մելիք-Թովմասյանից փող խնդրել վեպի տպագրության համար։

1886 թվականի «Արձագանք»-ի 45-րդ համարում տպագրվում է հայտարարություն, որ «Մամուլի տակ է Րաֆֆու «Կայծեր»-ի երկրորդ հատորը»։ Երկար ձգձգումից հետո վերջապես 1887 թվականի հունիս ամսին լույս է տեսնում «Կայծեր»-ի երկրորդ հատորը։

Հատորներից բացի, Րաֆֆու այս վեպը տպագրվել ու տարածվել է նաև հատվածաբար ինչպես առանձին ժողովածուներում, այնպես էլ մամուլում ու դասագրքերում։ Այս տեսակետից «Կայծեր»-ը հեղինակի թերևս ամենից շատ հրապարակված ստեղծագործություններից մեկն է։

1883 թվականին Րաֆֆու 25-ամյա հոբելյանի տոնակատարության նախօրյակին Թիֆլիսի ռեալական դպրոցի հայ աշակերտները ձեռնարկում են հոբելյանի ստեղծագործություններից հրատարակել մի ժողովածու և ձրիաբար բաժանել հայկական ուսումնարաններին։ 1884 թվականին տպագրվում է այդ ժողովածուի «Պսակ» ընդհանուր խորագրով։ Այստեղ ուրիշ գործերի թվում վերախմբավորված ձևով զետեղված են նաև մի քանի գլուխներ «Կայծեր»-ի առաջին հատորից։ Նույն թվականին «Աղբյուր» ամսագրում տպագրվում է նաև մի հատված երկրորդ հատորի «Վարագ» գլխից:

1886 թվականին այս վեպի «Աշխատանք և հող» գլխից «Ահա ծագեց կարմիր արև» ոտանավորը նոտաների հետ միասին (ձայնագրությունը` Ղ. Հովսեփյանի) տպագրվում է «Աղբյուր» ամսագրի 4֊րդ համարի հավելվածում։ Այս ոտանավորի համար հետագայում երաժշտություն է հորինում նաև «Մշակ»֊ի խմբագիր Ալ. Քալանթարը (տե՛ս «Տարազ» 1913 թ., N 10, էջ 126): Իսկ ավելի ուշ «Հասոյի երգը» վերնագրով այն երգվում ու տարածվում է ժողովրդի մեջ։

1890 թվականին Թիֆլիսում Աննա Րաֆֆու հրատարակությամբ առաջին անգամ ձեռագրից, առանձին գրքով տպագրվում է «Կայծերի վերջը» էպիլոգը: 1892 թվականին «Վեպիկներ և պատկերներ» ժողովածուի առաջին գրքում նույնպես ձեռագրից տպագրվում է նաև երրորդ հատորի մաս կազմող «Ամրոցի աղջիկը» պատառիկը` «Կայծեր»֊ից մի անտիպ գլուխ» ծանուցումով: 1893 թվականին նույն ժողովածուի երկրորդ գրքում վերատպագրվում է «Մեր լուսավորիչները» հատվածը։

1892 թվականին «Կայծեր»-ի առաջին և երկրորդ հատորից մի քանի գլուխ թարգմանաբար տպագրվում է Յուրի Վեսելովսկու և Մինաս Բերբերյանի կողմից խմբագրված «Армянские беллетристы» ժողովածուի առաջին հատորում:

Հեղինակի մահվանից հետո, 1893 թվականին, «Կայծեր»-ի առաջին հատորը առանձին գրքով երկրորդ անգամ տպագրվում է Աննա Րաֆֆու հրատարակությամբ Թիֆլիսում։