Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ կատարում են միայն մահմեդականները, օրինակ, զինվորագրությունից, որ նրանց շատ ծանր է թվում։ Ես ինքս առանձին հոգ եմ տանում, իմ կառավարությանը հանձնված երկրում, քրիստոնյաների վիճակը բարվոքելու համար, որպեսզի Նրանց բեռը ավելի թեթև լինի և նրանց ապրուստը ավելի ապահով լինի։ Շնորհակալ եմ, որ քրիստոնյաները իրանց կողմից հասկանում են իմ նրանց մատուցած ծառայությունները, և ամիս չէ անցնում, որ իրանց երախտագիտությունը չարտահայտեին, որտեղ որ հարկն է։ Ձեզ այս րոպեին ցույց կտամ, պարոն բժշկապետ, մի նոր հանրագիր, որ պատրաստված է երկու օրինակ, մեկը Կ․Պոլսի հայոց պատրիարքարանը ուղարկելու համար, մյուսը՝ բարձրագույն Դուռը ուղարկելու համար։ Դրանց մեջ հայ հասարակությունը, հազարավոր ստորագրություններով, հայտնում է իր խորին գոհունակությունը իմ կառավարությունից և միևնույն ժամանակ, ցույց է տալիս իր բախտավոր դրությունը և բարօրությունը։

Նա հրամայեց սպասավորին, որ ոտքի վրա կանգնած էր իր մոտ, բերել իր թղթապահը։ Նրա միջից դուրս հանեց մի քանի թերթեր, ծածկված բազմաթիվ կնիքներով և ստորագրություններով, որոնց մեջ առաջին տեղը բռնում էր հայոց հոգևոր առաջնորդի կնիքն ու ստորագրությունը, հետո դրված էին զանազան հայ բեկերի, էֆենդիների և նշանավոր անձինքների ստորագրությունները։

Այդ թիթերը ոչ սակավ զարմացրին թե՛ Ասլանին և թե ինձ։ Բայց երբ վերադարձանք տուն, վարպետ Փանոսը բացատրեց մեզ, թե որպիսի պղտոր աղբյուրներից էին բխում այս տեսակ շնորհակալությունները...

Փաշան, կարծելով, թե լավ ազդեցություն գործեցին ցույց տված թղթերը իր հյուրի վրա, շարունակեց։

— Մենք շատ պիտի ամաչեինք քաղաքակիրթ Եվրոպայի առջև, պարոն բժշկապետ, որ այժմյան լուսավոր դարում՝ մեր երկրում ազգերի և կրոնների խտրություն լիներ, որ մենք հալածեինք քրիստոնյային, որովհետև նա մեր ազգին և կրոնին չէր պատկանում։ Իրավ է, որ մեր մահմեդական ժողովուրդը դեռ ոչ բոլորովին թոթափել է վաղեմի նախապաշարմունքը, նա դեռ բավական մոլեռանդ է մնացել։ Բայց ուրտեղ չկա այդ մոլեռանդությունը։ Մինչև այսօր, լուսավոր Եվրոպայում անգամ, տեղ-տեղ հալածվում են հրեաները։ Իսկ մեր կառավարությունը այժմ ամեն ջանքով աշխատում է կրթության միջոցով ոչնչացնել ժողովրդի մոլեռանդություունը