Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր, որ առաջնորդն էլ նույն վկայությունը կտար իր մասին, թե փաշան ամենապատվական մարդ է, և եվրոպացի ճանապարհորդի ուղևորության տետրակի մեջ կավելանային մի քանի փայլուն խոսքեր երկրի այդ երկու բարձր ներկայացուցիչների մասին։

Փաշան ինքը մատնեց իրան ասելով.

— նա իմ լավ բարեկամս է և իմ եռանդոտ գործակիցս է իմ բոլոր ձեռնարկությունների մեջ։ Ես կատարյալ սիրահար եմ եվրոպական կրթության, պարոն բժշկապետ: Եթե ես հրաշագործության շնորհ ունենայի, կաշխատեի մի քանի վայրկյանի մեջ մեր հայրենիքը Ֆրանսիա դարձնել։ Բայց դժբախտաբար այդ անկարելի է։ Մենք շատ գործ ունենք կատարելու, մենք շատ ետ ենք մնացել, այժմ ստիպված ենք թռիչքներ գործելով առաջ ընթանալ, որ հասնենք լուսավոր ժողովուրդներին։

Մի թեթև ժպիտ երևաց Ասլանի դեմքի վրա։

— Ժողովրդի կրթությունը կանոնավոր լինելու համար,— նկատեց նա,— հարկավոր չէ թռիչքներ գործել, այլ թողնելու է նրան, որ իր բնական ընթացքով առաջ գնա։ Միայն գլխավոր պայմանը այն պետք է լինի, որ ժողովրդի հառաջադիմության ղեկը պետք է ուղիղ ճանապարհի վրա դրվի որպեսզի նրանից չշեղվելով, ցանկացած նպատակին հասնի։

— Բոլորովին ճշմարիտ է ձեր նկատողությունը,— պատասխանեց փաշան գործագետ մարդու եղանակով։— Բայց մեր դժբախտությունը նրանումն է, որ մեր առաջավոր մարզիկը, խիստ սակավ բացառությամբ, անբարեխիղճ են։ Քանի՞ անգամ առաջարկել եմ ես մեծ վեզիրին, որ այդ երկրի հարկերի մի մասը հատկացնե նույնիսկ այդ երկրի տեղային բարեկարգությունների համար գործ դնելու։ Բայց միշտ մերժումն եմ ստացել։ Հազարավոր բաներ կան շինելու։ Օրինակ, դուք տեսաք մեր ճանապարհները, մեր կամուրջները, մեր ջրանցքները, այդ բոլորը նորոգելու կարոտ են։ Վաճառականության և երկրագործության անկման բուն պատճառները մեր երկրում՝ պետք է վատ հաղորդակցությունների մեջ որոնել։

Թուրք պաշտոնակալները բոլորը լավ ձևել գիտեն, բայց կտրելու շնորհք չունեն։ Զանազան ծրագրներ կազմելու մեջ անհամեմատ ճարպիկ են, իսկ գործադրության մեջ անպետք։ Տուր նրանց փող իրանց կազմած ծրագիրը իրագործելու համար, այդ փողով նախ իրանց գրպանը կլիացնեն։ Եվրոպացու առջև ազատամիտ երևնալ, կրթության և հառաջադիմության