Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձեզ ամեն տեղ ման կածե և ամեն ինչ ցույց կտա, կտանե և միջնաբերդը, որտեղ շատ կգտնեք հիշյալ արձանագրություններից։

Ասլանը իր խոսակցությունը բևեռաձև արձանագրությունների վրա դարձնելու նպատակն էլ հենց այդ էր, որ միջնաբերդը տեսնե։ Այդ պատճառով, երբ որ լսեց փաշայի վերջին խոստմունքը մեծ շնորհակալություն հայտնեց և վեր կացավ։ Փաշան նույնպես վեր կացավ, նրան ճանապարհ դրեց մինչև սենյակի դուռը, և բաժանվելու միջոցին հարյարավոր շողոքորթություններով հեղեղեց իր «թանկագին» հյուրին...

Նույն կերպով, նույն հանդեսով, որպես ղավազները մեզ բերել էին փաշայի ապարանքը, դարձյալ նույն պատվով մեզ տարան Այգեստան, մինչև վարպետ Փանոսի տունը։ Ասլանը դրեց ղավազների յուրաքանչյուրի ափի մեջ մի-մի ոսկի, և նրանք շնորհակալությամբ հեռացան։

Մտնելով մեզ համար պատրաստված սենյակը, Ասլանը ծիծաղելով իր գլխարկը մի կողմ ձգեց և, գլուխը զարմացած կերպով շարժելով, կանգնեց սենյակի մեջտեղում և, դառնալով դեպի ինձ, ասաց.

— Խելացի՜ մարդիկ են... խելացի՜... գիտեն իրանց գործը... Եթե ես իսկապես եվրոպացի լինեի, եթե չճանաչեի այդ անպիտաններին, անպատճառ հիացած կմնայի այդ մարդուց։

Նրա խոսքը փաշայի մասին էր։ Ներս մտավ վարպետ Փանոսը և անհամբերությամբ հարցրեց, թե ինչպես անցավ նրա այցելությունը, Ասլանը համառոտ կերպով պատմեց բոլորը և ապա ավելացրեց.

— Եթե դուք գիտենայիք եվրոպական լեզուներ, եթե դուք կարդայիք, թե ի՞նչ են գրում եվրոպացի ճանապարհորդները թուրք ժողովրդի և թուրք պաշտոնյաների մասին, դուք այդ ճանապարհորդներին կատարյալ խելագարի տեղ կդնեիք։ Նրանց նկարագրությունների մեջ թուրք ժողովուրդը բարի է, աշխատասեր է, հառաջադիմության ընդունակ է. նրանց նկարագրությունների մեջ թուրք պաշտոնյան, թուրք աստիճանավորը ազնիվ է, մեծահոգի է, գեղեցիկ ձգտումներ ունի, հյուրասեր է, առատաձեռն է, մի խոսքով, հիացած են նրանցով, և ամեն լավ հատկություններ վերաբերում են այդ հրեշներին։ Ինչի՞ց է առաջ գալիս այդ հիացումը։ Երևակայեցեք, մի անհայտ եվրոպացի, որին իր երկրում ոչ ոք մարդու տեղ չի դնում, որի հետ իր երկրի ամենահետին հյուրանոցում սպասավորը իրան թույլ կտա կոպտությամբ վարվել, հանկարծ մի այսպիսի