դրությունը լավ հետազոտելու համար պետք է դիմել իրան, ժողովրդին և ոչ թե նրա կառավարիչներին։
– Եղեռնագործը սովորում է ինքն իր անձի փաստաբանը լինել,– շարունակեց նա։– Այդ մարդիկը, սկսյալ առաջին վեզիրից, մինչև վերջին զափթիան, շատ լավ գիտեին իրանց հանցանքները, և այդ պատճառով նրանց լեզվում կազմվել է մի ամբողջ մշակված ճառ իրանց արդարացնելու համար։ Մի այդպիսի ճառ ես այսօր լսեցի ինձ ամենայն քաղաքավարությամբ հյուրասիրող փաշայի բերանից։ Նրան չէ կարելի հիմար կոչել, ընդհակառակն, նա ինձ բավական խելացի երևաց։ Ես ներկայացա նրան որպես եվրոպացի և ճանապարհորդ։ Այդպես էլ նա ընդունեց ինձ։ Նա գիտեր, թե ի՞նչ կարծիք, ի՞նչ նախապաշարմունքներ կարող է ունենալ մի եվրոպացի նրա մասին. նա գիտեր, թե ի՞նչ է պահանջում նրանից, որպես մի երկրի գլխավոր կառավարչից, այժմյան քաղաքակրթությունը. նա գիտեր և իր երկրի անկարգությունները, այդ բոլորը շատ լավ գիտեր նա, և այդ նկատումներով, իր բոլոր խոսակցությունը ճարտարությամբ այնպես էր դարձնում, որ ինքը և իր կառավարությունը ընդհանուր ցեխի միջից մաքուր դուրս գան։ Եթե այդ բոլորը ինձ հայտնի չլիներ, եթե ես մի միամիտ եվրոպացի ճանապարհորդ լինեի, անտարակույս, շատ լավ գաղափար կկազմեի այդ մարդու և նրա կառավարության մասին։
– Այդ մարդիկը,– առաջ տարավ նա,– գրավելու և իրանց լավ ցույց տալու զարմանալի շնորհք ունեն։ Մինչև անգամ բարբարոս քուրդ ցեղապետը շնորհք ունի հիացնելու միամիտ եվրոպացուն, երբ պատահում է նրան հյուրասիրվել այդ ավազակի վրանում։ Բայց ի՞նչ բարոյական նշանակություն ունի մի ասիական բռնապետի հյուրասիրությունը, երբ նրա հացը իր զոհերի արյունովն է շաղախված, երբ կերակրում է նա իր հյուրին այն կողոպուտներով, որ հափշտակել էր հարյուրավոր թշվառներից։ Մեր դժբախտությունը նրանումն է, որ այդ բոլորը այդպես լինելուց հետո իսկությունը, բուն իրողությունը՝ մեր վիճակի դառն ճշմարտությունները դառնում են տարակուսական, և եվրոպացիք դժվարանում են մեզ հավատալ, երբ մեր բողոքն ու դժգոհությունները ներկայացնում ենք նրանց։ Բայց մեզ համար մեծ նշանակություն ունի Եվրոպայի հասարակական կարծիքը։ Իհարկե, մենք չէինք ցանկանա մահմեդականների նման խաբել նրանց, բայց կցանկանայինք, որ նրանք լավ հասկանային մեր դրությունը…