Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որովհետև տեսնում էի, այրերից շատերը այնքան ահագին մեծություն ունեին, որ կարող էին ամբողջ ընտանիքների բնակությանը հարմարվել:

Բերդի շրջակայքը ման գալուց հետո, մենք մտանք բուն բերդի մեջ։ Այդ անմատչելի ամրոցը, որպես ասեցի, նստած է ժայռոտ քարափի գլխին, որը ուղղաձիգ բարձրության քաշված է դեպի երկինք, և այնտեղից ահռելի կերպով հսկում է ամբողջ քաղաքի վրա։ Դեպի ամեն կողմ, ուր և հայացք ես ձգում, դարձյալ երևում են արձանագրություններ, որոնք լուռ և անբարբառ նայում են մարդու երեսին, կարծես ասել են ուզում — «մենք միշտ կմնանք անվերծանելի և երբեք չի պիտի երևան հանենք հնության գաղտնիքը»...

Ասլանը պտտելով բերդի մեջ, որպես նկատում էի ես, արձանագրությունների և այլ հնությունների վրա միայն հարևանցի նայելով էր անցնում, ավելի ցույց տալու համար, թե նրանցով հետաքրքրվում է։ Իսկ մեր երիտասարդ առաջնորդը ոգևորված էր առասպելական պատմություններով, ամենևին չէր նկատում, թե իր պատմությունները որքան նշանակություն ունեին նրա համար։ Նա անընդհատ խոսում էր։ Բայց իմ նկատողությունից չէր կարող վրիպել այն խորին ուշադրությունը, որով Ասլանը քննում էր ամրոցի մթերանոցները, պահեստի տեղերը, որ լցված էին վառոդով և զանազան զենքերով, զինվորների օթևանները, և այն վաղեմի, ժանգոտած թնդանոթները, որոնք իրանց բերանները դարձրած դեպի քաղաքը, պահպանում էին նրան մշտական երկյուղի ներքո։ Այդ թնդանոթներով մի ժամանակ ենիչարիները ռմբակոծում էին քաղաքը։

Ես նկատում էի, Ասլանը մի առանձին ուշադրությամբ հետազոտում էր այն ծակերը, այն գաղտնի անցքերը, որոնք քարափի վերևից իջնում էին դեպի նրա խորքերը և ստորերկրյա ճանապարհներով կորչում էին, սատանան գիտե, թե դեպի ո՛ր կողմը։ Նա արծվի հայացքով զննում էր նրանց ուղղությունը, տարածությունը, և որպեսզի կասկածանքի առիթ չտա մեր առաջնորդին, ժպտելով հարցրեց նրանից.

— Ի՞նչպես եք կարծում, պարոն քարտուղար, այդ անցքը նույնպես չէ՞ տանում դեպի մի բյուրեղյա ապարանք, ուր հյուրիները և փերիները պառկած են մարջանի ծառերի ներքո և սքանչանում են «հազարան բլբուլի» հազար ու մեկ եղանակներով։

— Դուք ծաղրում եք ինձ, պարոն բժշկապետ,— պատասխանեց