Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրկված, բազմել էր Վարագա գեղեցիկ վանքը․․․ Մյուս կողմում, մանիշակագույն հայելիի նման, փայլում էր Վանա ծովակը։ Այդ ձվաձև հայելին դրված էր հիանալի շրջանակի մեջ, որը բոլորում էր նրա գեղագրական եզերքը մեղմ, ալիքավոր բարձրություններով,— դրանք էին՝ Արտոս, Արնոս, Սիփան, Նեբրովթ և Գրգուռ լեռները, որոնց գոտիները չորեք կողմից սեղմել էին իրանց մեջ ջրի այդ մեծ ավազանը։

Կարծես այդ աշխարհում հեթանոսական և քրիստոնեական ժամանակների հիշատակարանները դեռ մինչև այսօր մրցություն էին անում միմյանց հետ։ Մի կողմում, բևեռագրերով զարդարված փառավոր շինվածքնեը ցույց էին տալիս ամենահին անցյալի վրա, մյուս կողմում, սփռված էինք տեսնում բազմաթիվ վանքեր ու եկեղեցիներ։ Այդ վանքերը դեռ շեն էին և լի բազմաթիվ կրոնավորներով։ Իսկ նրանց կողքին, մենք գնում էինք տեսնելու մի հին, մոռացված մեհյանի տխուր ավերակները...

Վերջապես, հասանք Թոփրակ֊Կալե։ Այդ ավերակ բերդը ուրիշ անուններ ևս ունի, նա կոչվում է Ակռփու-քար և Զըմփ-զըմփ-մաղարա։ Բայց այդ երեք անուններից և ոչ մեկը նրա նախնական անունը չէ. դրանք ստացվել են վերջին ժամանակներում։ Ի՞նչպես էր կոչվում նա առաջ,— ոչ ոք չգիտե, պատմությունը լռում է այդ մասին։ Այդ բերդը մի ամբողջ քաղաք է եղել, որ այժմ ծածկվել է ահագին հոդակույտերի ներքո: Հենց այդ է պատճառը, որ նրան թուրքերի բառերով կոչում են Թոփրակ֊Կալե (հողաբերդ)։ Գուցե այդ անհայտացած քաղաքը այն կախարդված «Պղնձե քաղաքը» լիներ, որ մինչև այսօր վանեցոց ավանդությունների մեջ պահպանել է իր դժբախտ, առասպելական պատմությունը։ Չար վհուկի դյութելով, ամբողջ քաղաքը իր պարիսպներով, տներով և բնակիչներով անշարժ պղինձ է դառնում։ Ասլանը ասում էր ինձ, այդ ավանդությունը ճիշտ է միայն այն կողմից, որ եթե այդ հողակույտերի մեջ փորվածքներ անելու լինեն, մետաղյա բոլոր առարկաները կգտնեն պղնձից շինված, որովհետև այդ ավերակները պատկանում են պղնձե դարաշրջանին։ Եվ իրավ, որպես պատմեց մեզ մեր առաջնորդը, այնտեղ գտել էին զանազան պղնձե զարդեր, պղնձե զենքեր, պղնձե տնային կարասիք և մինչև անգամ պղնձե մարդիկ։

Հնությունների ավերակները և մարդիկների գերեզմանները իմ վրա միշտ միևնույն տպավորություն են գործել։ Երկուսի մեջ ևս տեսնվում է դադարած կյանքը, երկուսն էլ հիշեցնում են անցյալը, որ մի ժամանակ ապրել են, գործել են և, ժամանակի հետ