Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Ա
ՎԱՆ

Հասնելով Վան, մենք իջևանեցինք Այգեստան կոչված արվարձանում, որ կից էր այդ քաղաքին։ Մեզ ընդունեց իր տանը թաղի նշանավոր անձիքներից մեկը, որ կոչվում էր վարպետ Փանոս։ Այդ պարոնը արհեստով ներկարար էր։

Տան տերը առաջին անգամից երևաց ինձ բարի և ազնիվ մարդ, բավական վայելչակազմ մարմնով և պայծառ դեմքով։ Արևելքում մարմնի բարեձևությունը շատ անգամ մարդու հառաջադիմության պատճառ է դառնում։ Բայց վարպետ Փանոսը, բացի դրանից, ուներ և ճարտար լեզու և, որպես երևում էր, բավական փորձված ու խելացի մեկն էր։ Երևի այդ էր պատճառը, որ չնայելով նրա երիտասարդությանը, նա ընտրված էր թաղական խորհրդի անդամ, ուր ծերությունը և սպիտակ մորուքը ավելի մեծ նշանակություն ունեին, քան խելքը։

Բոլորովին մութն էր, երբ հասանք Այգեստան։

Ասլանը սկսել էր այժմ, որպես ասում են, ինձ փոքր ի շատե մարդու տեղ դնել։ Երբ մտանք վարպետ Փանոսի հյուրանոցը, նա իսկույն ինձ ծանոթացրեց տան տիրոջ հետ, ավելացնելով, թե իր մանկության ընկերներից մեկն եմ եղել և այժմ նրա լավ բարեկամն եմ։ Վարպետը իր սուր և թափանցող աչքերով ոտքից ցգլուխ չափեց ինձ, հետո խիստ մտերմաբար հայտնեց իր ուրախությունը ինձ տեսնելու համար։

Որպես երևում էր, վարպետը նախածանոթ էր Ասլանի հետ,