Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քսվելով, մաշվել ու մեռել են, թողնելով միայն կենդանի հիշատակներ։ Մարդ, նայելով իր նախահարց գերեզմանների վրա, մի առանձին հպարտություն է զգում, երբ մտաբերում է, որ նրանք իրանց ժամանակի ամենալավ մարդիկն են եղել։ Գերեզմանի մեջ անգամ նրանց փոշիները պահպանում են վաղեմի վեհութունը։ Ավերակների փոշիների մեջ ևս ապրում է անցյալ մեծությունը, որ միևնույն հպարտությունը և միևնույն քաջալերությունն է ազդում ապագա սերունդի մեջ։ Ավերակների փոշիներից է կազմված այն շաղախը, որ միացնում է ներկա սերունդի սրտերը նախահարց հետ։

Թոփրակ-Կալեի լեռան մեջ նույնպես գտնվում են շատ այրեր, քարանձավներ, ստորերկրյա անցքեր, որպիսիները տեսանք Շամիրամի բերդի մեջ։ Դրանցից և ոչ մեկը բնական չէ, բոլորն էլ փորված են ամենաամոտ ժայռերի մեջ, և նրանց այժմյան գեղեցկությունը բավական ապացույց է, թե որքան զարգացած է եղել այդ աշխարհում արհեստը։ Այրերից միայն մեկի մեջ մտանք մենք, որ կոչվում է Զըմփ-զըմփ֊մաղարա, այսինքն զըմփզըմփալով ձայն հանող այր։ Ամենաթեթև ձայնը այդ քարանձավի մեջ զըմփզըմփալով արձագանք է տալիս։ ժայռի մեջ բացվում է մի մեծ մուտք, որը հարյուրավոր քարյա սանդուղքներով իջնում է դեպի լեռան խորքը։ Քարի մեջ փորված երկու լուսամուտներ վերևից խիստ աղոտ լույս են ձգում այդ ստորերկրյա վիրապի մեջ։ Քարյա սանդուղքի վերջին աստիճանի մի կողմում բացվում է մի ընդարձակ, քառակուսի այր,— դա է, որ կոչվում է Զըմփ-զըմփ-մաղարա։ Այդ այրի միջից մի առանձին անցք տանում է դեպի երկրի խորքերը. բայց ո՞ւր է գնում, ո՞րտեղ է վերջանում, աստված գիտե։ Մեր առաջնորդը դարձյալ խոսում էր ստորերկրյա ապարանքների մասին. ժողովրդի ավանդությունը նույնն էր խոսում։ Այդ բոլորը տեսնելով, ես պատրաստ էի հավատալ, որ այստեղ եղել է մի ստորերկրյա աշխարհ, և այդ անցքերը տանում են դեպի այն աշխարհը։ Ասլանը այդ մասին ինձ ոչինչ չասաց. նա բոլորովին ուրիշ նպատակներով էր քննում այդ անցքերը։ Նա ցանկանում էր ստուգել, թե ո՛րքան ուղիղ է այն կարծիքը, թե այդ ստորերկրյա անցքերը հաղորդակցություն ունեն քաղաքի մեջ գտնվող Շամիրամի բերդի հետ։ Այդ էր պատճառը, որ մեզանից ոչ մեկը չհամարձակվեցավ Զըմփ-զըմփ-մաղարայից անցնել և առաջ գնալ, իսկ նա, վառելով իր հետ վերառած մոմապատը, շատ առաջ գնաց և վերադարձավ համարյա մեկ ժամից հետո։