Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է խորին թմրություն, նրանք քնում են, և անողոք անիվը դարձյալ շարունակում է իր արագ պտույտը..․

Մեզ մնում էր մի հնություն ևս տեսնել, և մեր այնօրվա արշավանքը դրանով պետք էր վերջացած համարել,— այդ էր Մըհերի դուռը: Միևնույն ժայռի երկարաձիգ շարունակության վրա, ուր մենք տեսանք Չարխի֊Ֆալակը, ժայռի արևմտյան կողմում, քարի ճակատը քառակուսի ձևով տաշված է: Քառակուսին իր ահագին շրջանակի ձևովը՝ դռան ճիշտ նմանություն ունի։ Այդ դռան մակերևույթը, որ բավական խորն է ընկած, ամբողջապես ծածկված է բևեռագիրներով։ Ժողովուրդը դրան կոչում է Մըհերի դուռ։ Այստեղ է Վանա ամենաընդարձակ արձանագրությունը։ Այդ քարեղեն դռան ետևում, ժողովրդի ավանդությամբ, իր ձիու հետ բանտարկված է Մըհեր անունով մի անձնավորություն։ Այնտեղ ժայռի սրտումը, մի քարայրի մեջ, արգելված է այդ սարսափելի հսկան։ Մի օր նա կխորտակե իր շղթաները և, իր ձիու վրա նստած, դուրս կսլանա քարայրից, վրեժխնդիր կլինի իր թշնամիներին, և կմաքրե հայոց աշխարհը չարությունից...

Այսպիսի մի առասպել միայն հայ մարդու երևակայության ծնունդը կարող էր լինել։ Նրա դարևոր աննախանձելի վիճակը ստեղծել է նրա համար մի այսպիսի հույս և ակնկալություն։ Միհրը կամ ժողովրդի բարբառով Մըհերը, հայոց արեգակն է։ Այդ ամենահին աստվածը բանտարկված է, և հայոց աշխարհում տիրում է խավարն ու չարությունը։ Մի օր նա դուրս կգա իր արգելարանից և կրկին լույս ու արդարություն կսփոե հայոց աշխարհում։ Ժողովուրդը լեգենդական լեզվով ասում է այդ, ասում է և հավատում է իր ասածին, և— սպասում է...

— Արդեն հայտնվել է Մըհերը... Բայց Ժողովուրդը այդ չէ նկատում...— ասաց ինձ Ասլանը, երբ ճանապարհին այդ ավանդության մասին սկսեցի խոսել նրա հետ։

Զ

ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ

Վերադառնալով Այգեստան, մենք վարպետ Փանոսին տանը չգտանք, նա մի օրով գնացել էր մերձակա գյուղորայքը։ Ասլանը այդ մասին ոչինչ հարցուփորձ չարեց, երևում էր, որ նրան