Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայտնի էր, թե նա ուր կամ ինչ նպատակով էր գնացել։ Գիշերը ես քնեցի սովորականից ավելի վաղ, որովհետև սաստիկ հոգնած էի։ Բայց Ասլանը չքնեց, այլ երկար նստած, մի հաստ թղթի վրա ինչ֊որ նկարում էր նա։ Առավոտյան ինձ ցույց տվեց մեր տեսած բոլոր տեղերի պլանները, Ես ապշած մնացի, զարմանալի հիշողություն ուներ այդ մարդը։

Այն առավոտ Ասլանը բավական լավ տրամադրության մեջ էր գտնվում. այդ պատահում էր նրա հետ այն ժամանակ միայն, երբ մի որևէ նպատակի հասնում էր։ Նա սկսեց մինչև անգամ ինձ հետ հանաքներ անել։ Սպիտակ կատուն, որ սովորաբար առավոտյան ո՞ւր տանեցիներից առաջ էր մտնում մեր սենյակը և ողջունում էր մեզ, այն առավոտ, հակառակի պես, առաջ ինձ մոտեցավ, քսքսվեցավ, մռմռաց և իր ճապուկ պոչով իմ երեսը շփելուց հետո, մոտեցավ Ասլանին։

— Հիմա նա էլ է քեզ մարդու տեղ դնում, Ֆարհատ,— ասաց նա ժպտելով։

— Ոչ միայն նա,— պատասխանեցի ես նույնպես ժպտելով,— այլ վարպետ Փանոսի ախոռատան ծառան ևս, երբ ինձ տեսնում է, ոտքի է կանգնում, Երեկ նա ինձ ասաց «աղա»։

Ասլանը նոր էր լվացվել և սանդրվում էր, նա սանդրը ձեռին կանգնեց իմ առաջ և ասաց.

— Գիտե՞ս այսօր ուր պիտի գնանք։

— Երևի դարձյալ պիտի գնանք ծակերի մեջը մտնելու...

— Ոչ, պետք է գնանք նորին սրբազնության՝ առաջնորդի մոտ։

— Նրա մասին շատ վատ են խոսում։

— Այդ ես գիտեմ, և հենց այդ պատճառով պետք է տեսնել նրան։

— Ասում են նա կատարյալ չարագործ է:

— Երբեմն չարագործները շատ զորեղ գործիք են դառնում լավ մարդկանց ձեռքում։ Պողոսը նույնպես մի չարագործ էր, բայց վերջը քրիստոնեությունը տարածողների մեջ ամենանշանավորը եղավ։

— Իսկ Վասա՞կը։

— Վասակը իր ժամանակի նույնպես ամենանշանավոր մարդն էր։ Եթե բոլոր հայ նախարարների գլուխները թափ տալու լինեիր, նրա կեսի չափ խելք չէր դուրս գա։

— Բայց նա չարագործ էր, նա մեծ վնասներ տվեց իր հայրենիքին։