— Այդպես երևում է, որովհետև նրա պատմությունը գրողները նրա հակառակ կուսակցությանն էին պատկանում։ Իսկ եթե նրա խորհուրդներին հետևելու լինեին, նա մեծ օգուտներ կարող էր հասցնել իր հայրենիքին։
Ես զարմացա Ասլանի դատողության վրա։ Թեև հայոց պատմությունը չէի կարդացել, բայց Վասակի մասին շատ վատ բաներ էի լսել։
— Ի՞նչ օգուտ պիտի հասցներ նա,— պատասխանեցի ես փոքր-ինչ բարկացած կերպով։— Սատանան երբեք հրեշտակ չի դառնա:
— Ինչու չի դառնա,— ասաց նա, ծիծաղելով իմ խռովության վրա։— Սատանան հենց առաջուց հրեշտակ էր, բայց հանգամանքները նրան սատանա շինեցին։ Վասակին պետք է հասկանալ, իսկ նրան հասկանալու համար պետք է լավ ուսումնասիրել հայոց պատմությունը։ Դու մի վիճիր ինձ հետ, սիրելի Ֆարհատ, քեզ պետք է կարդալ, շատ կարդալ...
Նա մոտեցավ ինձ, և ձեռքը դրեց իմ ուսի վրա։
Այդ միջոցին ներս մտավ վարպետ Փանոսի գործարանի աշակերտներից մեկը, հայտնեց, թե մի քանի մարդիկ ցանկանում էին տեսնվել Ասլանի հետ։
— Նայեցեք ի՞նչ մարդիկ են,— խնդրեց ինձ Ասլանը,— միայն մի փոքր սպասել տվեցեք, մինչև ես բոլորովին հագնվիմ։
— Նրանք կսպասե՜ն...— ասաց գործարանի աշակերտը խորամանկ ժպիտով,— մինչև երեկո էլ կսպասեն... դեռ արևը չծագած եկել, նստել են բակի դռան մոտ և սպասում են...
Պետք է ասած, երբ քաղաքի հայ վաճառականները լսեցին, որ Ասլանը հնություններով հետաքրքրվում է, այլևս մեզ հանգստություն չէին տալիս։ Ում տանը մի կոտրած խեցի կամ երկաթի կտոր կար, բերում էր, ցույց էր տալիս, և աշխատում էր մի քանի ոսկիներ կորզել։ Դուրս գալով փողոցը, տեսա, որ հայ վաճառականներ էին, երեք հոգի, և կարգով նստած էին բակի դռան մոտ շինված հողեթումբի վրա, «տեր-ողորմյա» էին քաշում ու խոսում էին միմյանց հետ երկրի գործերի վրա։ Տեսնելով ինձ, բոլորը ոտքի կանգնեցին, որպես մի նշանավոր մարդու առջևև սկսեցին բարևել ինձ հետ, իմ առողջությունը հարցնել, կարծես թե վաղեմի բարեկամներ լինեին։ Մեկը նրանցից ինձ կոչեց մինչև անգամ «աղա»։ Վարպետ Փանոսի ախոռատան ծառայից հետո, այդ երկրորդ անձն էր, որ այդպիսի տիտղոսով էր ինձ դիմում։