— Ի՞նչ եք կամենում,— հարցրի ես։
Նրանք փոխանակ պատասխանելու, սկսեցին դուրս հանել իրանց ծոցերից, գրպաններից զանազան իրեղեններ, որ փաթաթել էին շորի կտորների մեջ։
— Ինձ ո՞ւր եք ցույց տալիս, ես խո գնողը չեմ։
— Դու էլ որ տեսնես մե՞ղք կլինի, աղա,— ասաց նրանցից մեկը, որի ձեռքերի վրա երևում էին Երուսաղեմի ուխտավորի կապույտ նշաններ։— Քո հոգուն մատաղ, աղա, մենք լսել ենք, որ քո մեկ խոսքը պարոն բժշկի մոտ երկու չի լինի...
Կամենում էր ասել, որ ես այն աստիճան մտերիմ եմ պարոն բժշկապետին, որ նա իմ մի անգամ ասածը կամ խնդրածը երբեք կրկնել չի տա։ Բայց ինչո՞վ ես կարող էի օգտավետ լինել մահտեսուն, այդ էր գլխավոր խնդիրը։ Նա հասկացրեց ինձ, ասելով.
— Լսել ենք, պարոն բժշկապետը անթիքա բաներ է հավաքում. մենք բերել ենք պարոն բժշկապետի համար ա՛յնպիսի անթիքաներ, որ ողջ աշխարհում չի գտնվի, երբ որ կգնե, մենք քո լավությունն էլ չենք մոռանա... քեզ համար էլ մի բան դուրս կգա...
— Իհարկե, դուրս կգա,— կրկնեցին մյուս երկուսը համարյա թե միաձայն։
— Ի՞նչ պետք է դուրս գա,— հարցրի ես փոքր-ինչ վրդովված կերպով։
— Չես իմանում...— ասաց մահտեսին, ձեռքով կամաց իմ մեջքին բախելով, որ նրա փաղաքշանքի նշանն էր։— Ի՞նչ պետք է դուրս դա, օրհնած, ահա դրանից...
Նա գլուխը խորհրդավոր կերպով շարժեց, մի խորամանկ ժպիտ երևաց բոլորովին սափրած երեսի վրա, ձախ աչքի կոպերը տըփտըփացրեց, ինձ աչքով արեց և, աջ ձեռքը մեկնելով, մի քանի անգամ ցուցամատի և բթամատի պտղուցները քսքսեց միմյանց հետ։
Անպիտանը աշխատում էր կաշառել ինձ, փող էր խոստանում։ Նա ինձ ծառայի տեղ էր ընդունում և, սովորած լինելով ծառաների ձեռքով շատ բաներ շինել, կարծում էր, թե ես էլ կարող եմ նրան օգտավետ լինել։ Եթե ես փոքր-ինչ հաճություն ցույց տայի, իհարկե, նրանք կտային ինձ մի ամբողջ ծրագիր, թե ինչ պիտի անեի, կամ ի՛նչ պիտի խոսեի պարոն բժշկապետի մոտ։ Երբ անփորձ եվրոպացին հայտնվում է արևելքում և իր մոտ ունենում է տեղացիներից մի թարգման կամ ծառա, վաճառականները շատ