Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լավ գիտեն, թե ինչպես պետք էր այդ ծառայի միջնորդությամբ կողոպտել եվրոպացուն։

Նրանց անպիտանությունը ինձ այն աստիճան զայրացրեց, որ կամենում էի բոլորվին էլ հեռացնել, պատասխանելով, որ պարոն բժշկապետը «անթիքաներ» չէ գնում։ Բայց զգուշացա, չիցե թե իմ վարմունքը Ասլանին անհաճո լիներ։ Երեքին էլ ներս տարա։

Մտնելով Ասլանի սենյակը, երեքն էլ լռությամբ գլուխ տվեցին և ոտքի վրա կարգով շարվեցան դռան մոտ։ Ասլանը այդ միջոցին բոլորովին հագնված, նստել էր և ղահվե էր խմում։ Նա իր սովորական քաղցրությամբ նայեց այցելուների վրա, ասելով․

— Նստեցեք, խնդրեմ,— և տեղ ցույց տվեց իրան շատ մոտ։

Նրանք անշարժ մնացին և սկսեցին անվճռական կերպով նայել միմյանց երեսին։

— Նստեցեք, խնդրեմ,— կրկնեց Ասլանը։— Ինչո՞ւ եք կանգնած։

— Ձեր սպասում, հարգելի բժշկապետ, ի՞նչպես կհամարձակվենք մենք նստել,— պատասխանեց մահտեսին ողորմելի ձայնով և ամբողջ հասակով ավելի պինդ սեղմվեցավ պատի հետ։ Մյուսներն էլ հետևեցին նրա օրինակին։

— Ես խո փաշա չեմ, որ ինձ մոտ չհամարձակվեք նստել,— ասաց Ասլանը ծիծաղելով։

— Այդ ինչո՞ւ ես ասում, հարգելի բժշկապետ,— այժմ պատասխանեց մահտեսու մոտ կանգնած կարճահասակ ծերունին։— Դու մեզ համար փաշայից էլ մեծ ես, խոնթքարից էլ մեծ ես, դու մեր աչքի լույսն ես. աստված քեզ հազար տարի կյանք տա։ Փաշան մեր հավատից չէ, իսկ դու թեև ֆրանկ ես, բայց մեր հավատիցն ես. մենք ամենքս միևնույն խաչն ենք պաշտում, միևնույն սրբերին ենք երկրպագում։

Եթե մի ուրիշը Ասլանի տեղ լիներ, կամ նրանց համեստությանը և կամ միամտությանը կվերաբերեր այդ բոլոր շողոքորթությունները։ Բայց Ասլանը իսկույն հասկացավ, թե ինչ տեսակ մարդկանց հետ գործ ունի, և ոչինչ չցույց տալով, դարձյալ խնդրեց, որ նստեն։

— Վերջապես խնայեցեք իմ երիտասարդությանը,— ասաց նա,— արժան չէ, որ դուք ձեր ճերմակ ալիքներով կանգնած մնաք իմ առջև. ես հարգում եմ ծերությունը։

— Օրհնյա՞լ լինիս,— բացականչեցին երեքն էլ միաձայն և նստեցին ոչ թե Ասլանի ցույց տված տեղում, այլ հեռու, դռան մոտ։