Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և իր տան մեջ հենց այն գիշեր սպասում էր նրան։ Նա գիտեր և այն, թե որտեղից էր գալիս Ասլանը, աչդ պատճառով, երբ նստեցինք, նա մի առանձին խորհրդավոր եղանակով հարցրեց.

— Ինչո՞ւ այդքան երկար տևեց քո ուխտագնացությունը...

— Այդպես պատահեց...— պատասխանեց Ասլանը նույն եղանակով։

— Հուսով եմ, որ սուրբ աստվածամայրը կատարած պետք է լինի քո ցանկությունը...

— Նա իր ուխտավորներին անմասն չէ թողնում իր շնորհներից...

— Ուրախ եմ...— ասաց վարպետը, ոլորելով աջ կողմի ընչացքը, որ նշան էր նրա սրտի առանձին բավականության։— Ուրեմն վատ չէր լինի, եթե խմեինք մի-մի բաժակ օղի ձեր հաջողության համար։

— Վատ չէր լինի,— ասաց Ասլանը,— միայն ոչ առանց նախաճաշելիքի։ Մենք բավական սոված ենք։

— Այդ ինքնըստինքյան հասկանալի է,— ասաց վարպետը ժպտելով և դուրս գնաց ընթրիք պատվիրելու։

Ասլանը ձգվեցավ օթոցի վրա և, բարձի փոխարեն ձախ ձեռքը նեցուկ տալով գլխին, նայում էր առաստաղին, որի մերկ գերանները, հնությունից դեղնելով, ստացել էին մուգ-ծիրանի գույն, իսկ ճանճերը նրանց վրա դրել էին միլիոնավոր սև բծեր: Նա ընկղմված էր մտածությունների մեջ։ Առանց մտածությունների չէի և ես։ Գալով այդ քաղաքը, թեև ծիծաղելի է, բայց պետք է խոստովանվիմ, որ իմ ամենամեծ բաղձանքներից մեկն այն էր, որ տեսնեմ Վանա հռչակավոր կատուները։— Մի՞թե այղ տան մեջ կատու չկա,— մտածում էի ես, և աչքերս անհամբերությամբ թափառում էին աչս կողմ ու այն կողմ։ Չգիտեմ այստեղ ինչ հոգեբանական մի գաղտնիք կա, որ շատ անգամ մարդ հանկարծ տեսնում է միևնույն առարկան, որի վրա մի րոպե առսւջ անգիտակցաբար մտածում էր։ Ահա հանդիսավոր կերպով ներս մտավ իմ նազելին, բոլորովին սպիտակ, որպես ձյուն, երկայն, մետաքսի նման փափուկ մազերով և թավիշյա բրդոտ թաթիկներով։ Նա լուռ անցավ սենյակի միջով, նախ մոտեցավ ինձ և մի առանձին քնքշությամբ գանգրահեր գլուխը և թավամազ պոչը քսեց իմ երեսին, հետո գնաց բարևելու Ասյանին։ Շնորհալի կերպով մռմռալով, մի քանի պտույտներ կատարեց Ասլանի շուրջը և ապա նստեց նրա մոտ։ Կարծես, այդ խելացի անասունն էլ էր հասկանում, թե մեզանից