Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լավ բաներ ունեն, կցանկանա՞ր պարոն բժշկապետը, որ բերեին, ցույց տային։

— Դուք հավատացնում էիք, որ ուրիշ բաներ չունեք,— նկատեց Ասլանը ծիծաղելով։

— Է՜հ, հարգելի բժշկապետ,— պատասխանեց մահտեսի Թորոսը գլուխը շարժելով և տակից աղվեսի նման նայելով Ասլանի երեսիս,— գիտե՞ք ինչ է ասում թուրքի առածը։

— Չգիտեմ:

— «Գայլի բույնից ոսկորը պակաս չի լինի»․․․

— Այդ ես հասկանում եմ․․․

— Կհրամայե՞ք պարոն բժշկապետ, որ բերենք։

— Բերեցեք:

Նրանք խորին կերպով գլուխ տվեցին և միմյանց բոթբոթելով դուրս եկան սենյակից։ Ես գնացի նրանց ճանապարհ դնելու։ Դրսում մահտեսի Թորոսը դրեց իմ ափի մեջ մի հատ հինգ ղուրուշանոց։ Ես ահագին պղնձե դրամը խփեցի ուղիղ նրա ճակատին։

— Օրհնա՜ծ, այդպիսի հանաքներ խո չեն անում,— ժպտելով ասաց մահտեսի Թորոսը, և կռանալով, վեր առեց հինգ ղուրուշանոցը, դրեց իր գրպանում, ավելացնելով,— շատ չա՜րն ես եղել․․․

Այդ մարդիկը ամեն մի վիրավորանք կատակի տեղ են ընդունում, որովհետև վիրավորանքին վիրավորանքով պատասխանելու ո՛չ քաջություն և ո՛չ անձնասիրություն ունեն։ Բակում հեռվից տեսավ նրանց վարպետ Փանոսի մայրը և ձայն տվեց․

— Համեցե՛ք, մահտեսի Թորոս, համեցե՛ք, խոջա Մկո, համեցե՛ք խոջա Հակո, ո՞ւր եք այդպես գնում, առանց մի բան ուտելու, առանց մի բան խմելու։

Մահտեսի Թորոսը, խոջա Մկոն, խոջա Հակոն նախ շնորհակալությամբ մերժեցին պառավի հրավերքը, հայտնելով, որ շտապում են, բազարի ժամանակ է, շուկայում շատ գործեր ունեն, հետո, պառավի սիրտը չկոտրելու համար ընդունեցին նրա հրավերքը և մտան նրա հետ գինիների մառանը։

Ես զարմացա․ ովքե՞ր էին այդ մարդիկը, որ տանտիկինը այնպես հարգանքով էր վերաբերվում նրանց։ Երբ հարցրի սպասավորից, որ ձեռքում նախաճաշիկ էր տանում մառանը, նա պատասխանեց։

— Չե՞ք ճանաչում, մեր քաղաքի ամենահարուստ վաճառականներից