Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են։ Խոզն այնքան ճարպ չունի, որքան դրանք ոսկիներ ունեն։

Վերադառնալով սենյակը, Ասլանին սաստիկ վրդովված դրության մեջ գտա: «Որքան ցածություն... ո՛րքան ստորություն»... ասում էր նա, և զայրացած կերպով անցուդարձ էր անում սենյակի մեջ։

— Գիտե՞ս, այդ մարդիկը Վանի ամենահարուստ վաճառականներից էին,— ասացի նրան։

— Ես տարակույս չունեմ, որ ճշմարիտ է։ Ասացեք խնդրեմ,— դարձավ նա դեպի ինձ,— ի՞նչ գաղափար կկազմեի ես հայերի մասին, եթե իսկապես եվրոպացի լինեի։ Ահա այդ գարշելի արարածներն են, որ խայտառակում են ամբողջ ազգը, ահա դրանց հանդիպելով եվրոպացին հայոց ամբողջ ժողովրդի վրա վատ կարծիք է կազմում։

Նրա աչքը ընկավ իրեղենների վրա, որ գնել էր վաճառականներից, վեր առեց մի կողմը նետեց ասելով.

— Տարեք այդ դրամները մի տեղում կորցրեք։

— Ինչո՞ւ։ Բոլորր կեղծ է։

— Եվ դու չճանաչեցի՞ր սկզբում։

— Ճանաչեցի, բայց դարձյալ գնեցի։ Ես դիտմամբ ընտրեցի կեղծերը։

— Դու թույլ տվեցիր, որ խաբե՞ն քեզ։

— Այո, ես թույլ տվեցի, որ խաբեն ինձ։

— Ինչո՞ւ, այդ ի՞նչ խելք է։

— Որ նրանք կարծեն, թե ես հետաքրքրվում եմ միայն հնություններով, որ նրանք կարծեն, թե ես միամիտ եվրոպացի եմ, թեև վատ հնագետ եմ։ — Ի՞նչ երկյուղ ունեիր նրանցից։

— Եթե հասկանային, որ ես հայ եմ, իսկույն կգնային և որտեղ հարկն է, կմատնեին ինձ։

— Նրանք խոստացան նոր իրեղեններ ևս բերել, և դու կրկին պիտի ընդունե նրանց։

— Կընդունեմ և դարձյալ կգնեմ։

Ես զարմանում էի, նա ո՞րտեղից այդքան փող ուներ։

Նա իր ոսկիները այնպիսի առատաձեռնությամբ էր շպրտում, որպես սոխի կեղևներ։