Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նույնպես և այստեղ չկային, միայն սենյակի պատվավոր մասում, այսինքն մուտքի հանդեպ, գորգերի վրա տարածված էր մի փափուկ մինդար, որ պատած էր սև թավիշով. նրա վրա նստած էր սրբազանը, նրա վրա նստացրեց նաև իր հյուրին։ Հիսուն տարեկան հազիվ կլիներ սրբազանը, միջահասակ մարդ էր փառավոր սև մորուքով, որ դեռ նոր էր սկսել ճերմակել, և ծանր, լուրջ նայվածքով, որը խիստ հարմարվում էր Նրա աստիճանին։ Գլուխը սովորաբար փոքր-ինչ կորացրած էր բռնում, և տակից նայելու համեստությունն ուներ։ Հագել էր երկար, ընդարձակ փարաջա սև ատլասից, որի մետաքսյա կարմիր աստառով պատած լայն թևքերը երևան էին հանում նրա գեղեցիկ թևնոցները, որ պատրաստված էին վարդագույն թավիշից և կապված էին արծաթյա կոճակներով։ Աջ ձեռքում բռնած ուներ երկար «տեր-ողորմյա» դեղին սաթից․ խոշոր հատիկներով, որի մի մասը փաթաթել էր բազուկի վրա։ Ճկույթի վրա փայլում էր եպիսկոպոսական ոսկի մատանին, ահագին վարդագույն քարով։ Այդ պատկառելի անձնավորությունը միացնում էր իր մեջ կրոնավորի անձնավորությունը և իշխանավորի փառահեղությունը։

—Ինչ լեզվով կարող եմ ձեզ հետ խոսել, պարոն բժշկապետ,— հարցրեց սրբազանը,— ես դժբախտաբար եվրոպական ոչ մի լեզու չգիտեմ։

— Ես արևելյան համարյա բոլոր լեզուներով խոսում եմ, բացի հայերենից,— պաաասխանեց Ասլանը տաճկերեն լեզվով։

— Այդ շատ լավ է, որ եվրոպացիք, երբ գալիս են դեպի մեր կողմերը, գիտեն տեղային լեզուներ․ դա միջոց կտար նրանց ավելի լավ ծանոթանալ երկրի հետ։ Բայց դուք, պարոն բժշկապետ, որպես ինձ ասեցին, եկած եք մեր քաղաքը գլխավորապես բևեռագիրները քննելու նպատակով․ առանց հայերեն գիտենալու, իմ կարծիքով, դժվար կլիներ ձեզ որևիցե գաղափար կազմել մեր բևեռագրերի մասին։

— Ձեր նկատողությունը բոլորովին ճիշտ է, սրբազան հայր, բայց ինձ անծանոթ է հայոց միայն կենդանի բարբառը, որով այժմ խոսում են, իսկ հին լեզուն ես բավականաչափ ուսումնասիրել եմ։

— Ներեցեք․ խնդրեմ, իմ անտեղի հետաքրքրությանը, ո՞րտեղ սովորեցիք այդ լեզուները։

— Ես բավական ժամանակ եղել եմ Հնդկաստանում, այնտեղ