Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սովորեցի պարսկերենը և հայոց հին լեզուն. հետո ապրում էի Եգիպտոսում, այնտեղ սովորեցի արաբերեն և տաճկերեն:

– Դա մի մեծ հարստություն է – այդքան լեզուներ գիտենալ, – ասաց սրբազանը մի առանձին բավականությամբ: – Դուք, պարոն բժշկապետ, սովորած լինելով արևելյան լեզուներ, իհարկե, ընտելացած կլինեք և արևելյան սովորություններին:

– Այդ դուք տեսնում եք, սրբազան հայր, – պատասխանեց Ասլանը ծիծաղելով, – տեսնում եք՝ ինչպես ծալապատիկ նստած եմ մինդարի վրա:

Սրբազանը նույնպես ծիծաղեց:

Մի մանկահասակ պատանի, լավ հագնված, բավական գրավիչ դեմքով, ներս մտավ, մի ձեռքում բռնած արծաթյա փոքրիկ սրճամանը, մյուս ձեռքում՝ արծաթյա փոքրիկ մատուցարան, որի վրա դրած էին երկու չինական ֆինջաններ, նույնպես արծաթյա տակերի մեջ: Այդ բոլոր հրապուրիչ անոթները, անուշահոտ ըմպելիքով, չափազանց մաքրությունից փայլում էին: Պատանին ծանրությամբ մոտեցավ, ածեց սև հեղուկը, նախ տվեց հյուրին և ապա սրբազանին: Սուրճից հետո մի այլ պատանի ներս բերեց արծաթյա նարգիլեն: Այդ բոլորը, եթե կարելի է այդպես ասել, բավական փաշայական էր, բավական նման էր փաշայի տան հյուրասիրության ձևերին:

– Հիմա ես բոլորովին համոզվեցա, պարոն բժշկապետ, – ասաց սրբազանը, – որ դուք բավական ընտելացած եք մեր սովորություններին:

– Ես մինչև անգամ սիրում եմ արևելյան սովորությունները, – պատասխանեց Ասլանը, նկատելով, որ սրբազանի հարցմունքները քննական ձև են ստանում: – Երբ ես վերադառնում եմ իմ հայրենիքը, իմ ամենալավ ընծաները իմ ընտանիքին լինում են արևելյան գորգեր, շալեր, արևելյան կարասիք: Մի սենյակ իմ տան մեջ, ուր ես պարապում եմ, զարդարված է բոլորովին արևելյան ճաշակով: Արևելքը հրապուրիչ է, սրբազան հայր, նա անփառասեր կրոնավորների վրա անգամ ունենում է իր ազգեցությունը:

– Ինչպես ինձ վրա, պարոն բժշկապետ, – պատասխանեց սրբազանը, հասկանալով իր խոսակցի խուլ ակնարկությունը: – Ես, պարոն բժշկապետ, հետևում եմ մեր նշանավոր պատրիարքներից մեկի օրինակին, որը հագնում էր ամենաթանկագին զգեստներ, օծվում էր անուշահոտ յուղերով, մորուքի և գլխի մազերի