Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրա սփռում էր ոսկու փոշի և իրան շրջապատում էր ամեն տեսակ շքեղություններով: Մի անգամ, սուլթանի հետ սեղան նստած ժամանակ, թագավորը նկատողություն արեց նրան, թե կրոնավորին վայել չէ այդ աստիճան պճնասիրությունը: Նա, փոխանակ պատասխանելու, բաց արեց իր օձիքը և ցույց տվեց. փառավոր մետաքսյա զգեստի ներքո, մերկ մարմնի վրա, նա հագած ուներ այծի մազից գործված, կոշտ, ծակռտող խարազն, որ մի ժամանակ հագցնում էին հանցավորներին, երբ կամենում էին ավելի տանջել նրանց, հետո սովորություն եղավ հագնել ճգնավորներին, որոնք իրանց անձը ենթարկում էին ամեն տիպի փորձությունների:

Ասլանը շատ լավ գիտեր, որ նորին սրբազնությունը իր սև ատլասի փարաջայի տակից այս տեսակ խարազն հագած չունի, բայց դարձյալ համաձայնվեցավ նրա հետ, ասելով.

– Արևելքում արտաքին փայլը մեծ նշանակություն ունի:

– Մինչև անգամ հարկավոր է, – ավելացրեց սրբազանը, – այստեղ մարդկանց խելքը աչքերումն է և ոչ` գլխումը: Իմ նախորդը, երբ որ գնում էր փաշայի մոտ, նրան ժամերով սպասել էին տալիս, մինչև թույլտվություն էր ստանում ներկայանալու, որովհետև ոտքով էր գնում և աբեղայական հասարակ հագուստով: Բայց ինձ հետ այնպես չեն վարվում…

– Ձեր փաշան բավական քաղաքավարի մարդ է, – խոսքը փոխեց Ասլանը:

– Ամենապատվական մարդ է, բարի, առաքինի, ժողովրդասեր, աշխարհաշեն, մի խոսքով, թե՛ իբրև մարդ, և թե՛ իբրև երկրի կառավարիչ, անգնահատելի է, իր նմանը չունի: Նա բոլորովին հիացած է ձեզանով, պարոն բժշկապետ, նա ձեզ Լողմանի հետ է համեմատում. ձեր սակավաժամանակյա բժշկությունը թե՛ փաշայի վրա և թե՛ նրա որդու վրա մեծ օգուտ է բերել: Քանի օր նրա մոտ էի, միշտ ձեզ վրա էր խոսում, և միշտ այն էր հարցնում, թե ի՞նչով կարող է երախտամատույց լինել ձեզ:

– Ես նրան մի մեծ ծառայություն չեմ արել, – պատասխանեց Ասլանը, – բայց պատրաստ կլինեի, եթե իմ ժամանակը ներեր, ավելի մեծ ծառայություններ անել, որովհետև նա արժանավոր մարդ է, և մանավանդ որ դուք այդքան գովում եք:

– Ճշմարիտ է, արժանավոր մարդ է և գովության արժանի է, – կրկնեց սրբազանը: