որպես բժշկի, շատ հետաքրքիր է։ Հայոց բժշկարանները, ըստ մեծի մասին թարգմանված լինելով արաբականից, այժմ արաբերենի մեջ շատերի բնագիրը կորած է. ես մեծ հույս ունեմ հայերեն թարգմանությունների մեջ գտնել այն կորած գրքերը։
– Գրչագիր բժշկարաններ կարելի է գտնել մեր վանքերում,– պատասխանեց սրբազանը,– ինձ ևս շատ անգամ պատահել է տեսնել։ Կարելի է գտնել նաև մասնավոր տներում։
– Իհարկե, ձեզ պետք է հայտնի լինեն այն վանքերը, որոնց մեջ ավելի մեծ թվով գրչագրեր են պահպանվել։
– Ինչպես չէ, բոլորը հայտնի են, օրինակ, Վարագա վանքը, ծովի մեջ գտնված երեք կղզիները, որոնց յուրաքանչյուրի մեջ մի-մի անապատ կա, և ուրիշ շատ վանքեր, որոնք գտնվում են իմ վիճակի մեջ։
– Դուք ինձ շատ կպարտավորեիք, սրբազան հայր, եթե կշնորհեիք ինձ մի թուղթ, որ ձեր թեմի մեջ գտնված վանքերում, որտեղ կպատահեր ինձ լինել, ցույց տային ինձ գրչագիրները։ Ես նրանց չէի շարժի իրանց տեղից, բայց եթե իմ նպատակներին հարմար բան գտնեի, կխնդրեի, որ արտագրեն ինձ համար։
– Մեծ ուրախությամբ։ Ես կհրամայեմ հենց այսօր պատրաստեն այդ թուղթը։ Նրա մեջ նշանակված կլինեն բոլոր վանքերի անունները, որոնց մեջ գտնվում են գրչագիրները։
– Շատ շնորհակալ եմ, ձեր թուղթը ինձ համար միևնույն ժամանակ մի տեսակ ուղեցույց կլինի։
Սրբազանը հրամայեց երկրորդ անգամ սուրճ տան և կանչեց իր քարտուղարին։
– Մինչև դուք մի անգամ ևս նարգիլե կծխեք, թուղթը պատրաստ կլինի։
Քարտուղարը հարկավոր պատվերը ստանալուց հետո, գլուխ տվեց և հեռացավ։ Ասլանը դարձյալ շարունակեց խոսել բժշկության վրա։
– Եվրոպան արևելքից սովորելով բժշկությունը, սկսեց բոլորովին մոռանալ իր վարժապետին։ Հառաջադեմ աշակերտը, իրավ է, կարող է ավելի զարգանալ և իր սովորածը ավելի կատարելագործել, բայց հին վարժապետի մոտ դարձյալ շատ բան մնում է։ Ես, օրինակ, հիացած եմ հայոց ժողովրդական բժշկությամբ։ Ճանապարհորդությանս ժամանակ ըստ մեծի մասին խույս էի տալիս քաղաքներից, անցնում էի հայոց գյուղերով, ժողովրդի բժշկության եղանակները ուսումնասիրելու համար։ Ինձ հաջողվեց