Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որն էր ավելի հարգանքի արժանի, Ասլանը սկսեց փայփայել նրա գեղեցիկ գլուխը, մեջքն ու ագին։ Առաջին անգամ մի զարմանալի երևույթ գրավեց իմ ուշադրությունը։ Որքան Ասլանը ձեռքով շփում էր նրա գլուխն ու մեջքը, այնքան արագ նրա երկար մազերը ճիըխկճրըխկում էին և դուրս էին արձակում կրակի ամբողջ փոշի։

— Այդ ի՞նչ է— հարցրի ես:

— Կայծեր են...— պատասխանեց նա, և սկսեց բացատրել նրանց դուրս ցայտելու բնական պատճառները, թե որպես շփումից առաջ է գալիս կրակը։

Բացի կատվից, տանեցիներից ուրիշ ոչ ոք չհայտնվեցավ։ Երեխաները, երևի, քնած էին. նրանց ձայնն անգամ չէր լսվում։ Իսկ կանայք այդ կողմերում օտար տղամարդի աչքին երևնալու սովորություն չունեին։

Այգեստանը արժանի էր իր կոչմանը։ Քաղաքի այդ գեղեցիկ արվարձանը ծառախիտ այգիների բավական ընդարձակ տարածություն, բաժանված չայն փողոցներով, որոնց աջ և ձախ կողմերում հոսում են առվակներ, հովանավորված ուռենի և բարդի ծառերով։ Դրսից տները չեն երևում, ոչ մի լուսամուտ բացված չէ փողոցի վրա, բացի գլխավոր դռնից, որ ներս է տանում դեպի բնակարանը, որ ետևի կողմից միայն նայում է դեպի այգին կամ պարտեզը։ Ամեն մի տուն կենտրոնացած է իր մեջ, ապրում է իր նեղ առանձնական կյանքով։ Վարպետ Փանոսի տունը նույնպես այդ ձևն ուներ.

Սենյակը, որ որոշված էր մեզ համար, տան երկրորդ հարկումն էր գտնվում։ Բավական կոկիկ մի սենյակ էր այդ, երևի միայն հյուրերի համար էր պատրաստված։ Տան մեջ որքան գեղեցիկ իրեղեններ կային, իբրև զարդարանք, բոլորը դրված էին այստեղ. Պատուհանների մեջ շարած էին զանազան տեսակ չինական և պարսկական ամաններ, ամենահին ժամանակներից մնացած, որոնց շատերը այժմ գործածությունից ընկել էին: Նրանց թվում կային պղնձյա թասեր, աշտանակներ, ափսեներ և մեծ բոլորակ սինիներ, բոլորը գեղեցիկ քանդակներով։ Կային և բազմաթիվ նարգիլեներ ու չիբուխներ՝ երկայն ծխաքարշներովհասմիկի փայտից կամ Շիրազի կեռասենուց պատրաստված։ Երևում էր, որ այստեղ սովորություն կար այնքան թվով չիբուխներ ու նարգիլեներ պահել իր տանը, ինչ թվով պատահած ժամանակը հյուրեր կունենային. Երևում էին և զենքեր։ Պատերից քարշ էին ընկած զանազան տեսակ