Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբ այդ ավանդության մասին հարցրի Ասլանից, նա պատասխանեց.

— Երևում է, որ ամենահին ժամանակներում մի կին թագավոր Վանի մեջ և կամ նրա շրջակայքում մեծ գործեր է կատարել։ Այդ միմյանց վրա շարած քարերը, որ տեսանք, ուրիշ ոչինչ չեն, եթե ոչ փշրանքները այն հսկայական ամբարտակի կամ պատնեշի, որ մի ժամանակ կառուցվել է ծովի ջրերի աճելու առաջն առնելու համար, որ չմոտենան քաղաքին։ Խորենացին այս ամբարտակի կառուցումը վերաբերում է Շամիրամին, որ գործ է գրել նրա շինության վրա 12 հազար բանվորներ և 6 հազար արհեստավորներ։ Բայց Խորենացու նկարագրություններից երևում է, որ նա Վանը կամ ամենևին չէ տեսել, կամ մի ժամանակ տեսել է, բայց իր պատմաթյունը գրելու միջոցին շատ բան մոռացել է։ Եթե Խորենացին հետևած լիներ ժողովրդի մեջ պահպանված ավանդություններին, նա ամենևին այդ բոլոր մեծագործությունները Շամիրամին չէր վերաբերի, այլ մի թագուհու, որ տեղային ժողովրդից էր։ Այսօր ժողովուրդը մոռացել է այդ թագուհու անունը, բայց նրա գործը դեռ հիշում է։ Նա ասում է. այդ քարերը մի աղջիկ է շարել միմյանց վրա։ Բայց Խորենացու ժամանակ, եթե նա դիմած լիներ ժողովրդին, նրան կասեին, թե ով էր այդ աղջիկը։

Ծովը մեր առջևն էր։ Միջօրեի պայծառ արեգակի լուսավորության ներքո, սքանչելի տեսարան էր ներկայացնում նա։ Նրա բարձր նկարչական եզերքը, պատած թուփերով և կանաչազարդ խոտերով, կամաց֊կամաց ցած էին իջնում, միախառնվում էին ջրերի պարզ-կասլուտակության հետ և, կազմելով մի հրաշալի պատկեր, կարծես ձգտում էին մրցել երկնքի ֆերուզայի գույն հստակության հետ։ Սիփանը, ծովը շրջապատող լեռներից ամենաբարձրը, երևվում էր իր վեհափառ գագաթով։ «Վարդապետիկների» (կյո՜ւկյո՜ւների) ուրախ երամը, սուր վեղարները գլխներին, աղմկում էին օդի խաղաղությունը իրանց զիլ ձայներով։ Ջրերի խորքերից, կիսալուսնաձև թևիկներով, թռչում էին նրանք դեպի ափերը։ Այդ ուրախ, մշտազվարճ թռչունները կարծես այն աբեղաների ոգիները լինեին, որոնք, ձանձրացած իրանց մռայլ խուցերի տխրությունից, թողել էին կտուց անապատի կղզին և սլանում էին դեպի աշխարհ, դեպի կյանքը, դեպի մարդկություն...

Իսքալե-Կափուսիից մենք անցանք Ավանց գյուղը։ Այդ գյուղը գտնվում է քաղաքի արևմտյան կողմում, ծովի ափի մոտ, և նրա նավահանգիստն է։ Այստեղից քաղաքը ջրային հաղորդակցություն